կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-09 10:09
Առանց Կատեգորիա

Հինգհազարագերի

Հինգհազարագերի

Զարմանալի է` ինչու՞ ենք ախուվախ կապել, թե դեկտեմբերի 2-ի ընտրություններն անցել են համատարած խախտումներով, թե թանաքները ժամանակից շուտ ցնդել են, թե մարդկանց «ԳԱԶել»-ներով տարել են ընտրատեղամասեր և այլն: Հետո՞ ինչ: Մի՞թե ակնհայտ չէ, որ խնդիրը ոչ թե ընտրողներին ամբողջ օրը ծառայած «ԳԱԶել»-ների ներգրավումն է ընտրական պրոցեսում, այլ դրանցով ընտրատեղամաս տարվող մասսան. մի՞թե ակնհայտ չէ, որ առավել զարմանայինք պիտի ոչ թե ընտրողին իր քաղաքացիական պարտքը կատարելու համար ընտրատեղամաս տանողի, այլ տարվողի ճորտական համակերպվածության վրա:

 

Հետևաբար, արդյո՞ք ժամանակը չէ փոխել կեղծվող ընտրությունների համար գլխավոր մեղավորների քննադատության թիրախներին: Ժամանակը չէ՞ ընդունել, որ դեկտեմբերի 2-ին, ինչպես նաև մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների  արդյունքների վրա էականորեն ազդող առավել մեծ այլ ընտրախախտում, քան մեր «խախտված» մասնակցության կերպն է ընտրություններին, վերջին հաշվով չի եղել: Եվ երեխայություն չէ՞ՙ լրագրողներին գլխին հավաքել ու հենց ընտրության օրը (խախտելով օրենքը. որովհետև այդ օրը մինչ ընտրությունների ավարտը մամուլի ասուլիս տալ և բողոքել ընտրակեղծումներիցՙ նշանակում է անել սեփական քարոզչությունը, ինչն անթույլատրելի է) հայտարարել, թե ընտրություններն անցնում են կեղծիքներով, ինչպես արեց ընդդիմության ներկայացուցիչներից Ստյոպա  Սաֆարյանը: Վերջինս, որքան էլ ինքնաներկայանա իբրև խոհուն քաղաքագետ ու խելացի քաղաքական գործիչ, իր գործողություններով հենց ինքն է փաստում, որ չունի ոչ տեղի, ոչ ժամանակի, ոչ իրավիճակի սթափ ընկալումն ու գնահատականը, իսկ դրանք ուղղակիորեն հուշում են, թե վերջին բոլոր ընտրություններում ընդդիմության անընդհատ պարտությունների գլխավոր մեղավորը ոչ այլ ոչ այլ ոք է, քան ընտրողն ինքըՙ հոգնած, զզված, հիասթափված, հինգհազարագերի:

 

Ս. Սաֆարյանը, իր պնդմամբ, թիվ 1 ընտրատարածքում ընտրությունների արդյունքները բողոքարկելու է: Այլ ընտրախախտւմների թվում` նշելու է նաև ժամանակից շուտ ցնդող թանաքի պարագան: Այդպիսով նորից  ակնհայտ է դառնում, որ հերթական անգամ կարևորվում է երկրորդականը, հերթական անգամ շփոթվում է թիրախը, որովհետև բոլորն են հասկանում, որ «ԳԱԶելը», թանաքը և մյուս բաները էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, և որ խնդիրը մեր մեջ է, նրանց մեջ, ովքեր ընտրության օրը, «չգիտես» ինչու, հազարներով գնացել ու ձայն են տվել կյանքում երբևէ չտեսած թեկնածուին: Խնդիրն այս «չգիտես»-ի չակերտները, որ իշխանությունն է դրել, մինչև վերջ բացելու մեջ է. խնդիրը հինգհազարագերիներիս մեջ է:

 

Մտածենք հինգհազարագերիների մասին:

 

Լևոն Սարգսյան