Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքի ընդունելիս ոչ մեկի կրոնական պատկանելությունը չենք հարցրել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը` անդրադառնալով այն լուրերին, թե մարդահամարն անցկացնող հաշվարարների զգալի մասը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպությունից են:
Նա նշեց, որ նման փաստեր չկան, սակայն հավանական է, որ 12 հազարից մեկն էլ Եհովայի վկա է եղել:
Իսկ թե ինչպե՞ս են հաշվարարներն աշխատանքի ընդունվել, Կ. Կույումջյանը պատասխանեց, թե իրենք մարզերի դեպքում դիմել են համայնքների ղեկավարներին, որպեսզի նրանք հաշվարարների թեկնածություն ներկայացնեն:
Հաշվարար ընտրելիս առաջնորդվել են տարրական պայմաններով` որ նրանք նախորդ մարդահամարների անցկացման փորձ ունենան, կրթվածության բավարար մակարդակ եւ մարդկային այնպիսի որակներ, որպեսզի բնակչի հետ կարողանան հեշտությամբ շփվել: Եվ հաշվարարներ հիմնականում ընտրվել են հենց համայնքի ներկայացրած թեկնածուները:
Իսկ Երեւանի դեպքում փոքր-ինչ այլ է եղել. ընտրվել են նախորդ մարդահամարներն անցկացնողների ցանկից:
Բացի այս, եղել են նաեւ պահուստային աշխատողներ. նրանք պետք եղած պահին փոխարինել են այն մարդկանց, ովքեր հրաժարվել են կամ չեն կարողացել շարունակել հաշվառումը:
Հաշվառման ողջ գործընթացի համար պետբյուջեից հատկացվել է 2.5 միլիարդ դրամ: Հաշվարարների աշխատավարձը կազմել է 45 հազար դրամ: Հարցին, թե արդյո՞ք 10 օրվա համար բավականին մեծ գումար չէ դա, Կ. Կույումջյանը պատասխանեց, թե նրանք մի ամբողջ ամիս են իրականում աշխատել: Հաշվարարները վերապատրաստում են անցել, գիտելիքի ստուգում է եղել, ծանոթացել են իրենց տեղամասերին, տասնօրյա հաշվառումը աշխատանքի միայն մի մասն է եղել: