կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-16 15:01
Հասարակություն

«Եհովայի վկաները» հասել են հրապարակ

«Եհովայի վկաները» հասել են հրապարակ

Գաղտնիք չէ, որ «Եհովայի վկաներ» կազմակերպության հետևորդները քաղաքի տարբեր մասերում տեղադրում են ստենդներ և բաժանում կրոնական գրականություն: Եթե նախկինում նրանք կանգնում էին քաղաքի ծայրամասերում կամ այցելում տներ, հիմա արդեն հասել են կենտրոն:

Ի դեպ, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 7-րդ հոդվածն ասում է. «Կրոնական կազմակեպությունների հոգեւոր-կրոնական գործունեությունը իրականացվում է հետեւյալ իրավունքների հստակ ընդգծված շրջանակներում.

ա) իրենց շուրջ համախմբել իրենց հավատացյալներին.

բ) ապահովել իրենց հավատացյալների հոգեւոր-կրոնական բոլոր կարիքների ու պահանջմունքների բավարարումը.

գ) կատարել կրոնական ժամերգություններ, ծեսեր ու արարողություններ աղոթատներում եւ դրանց պատկանող տարածքում, ուխտատեղիներում, կրոնական կազմակեպությունների հիմնարկներում, ինչպես նաեւ գերեզմանոցներում, քաղաքացիների տներում եւ բնակարաններում, հիվանդանոցներում, զառամյալների ու հաշմանդամների տներում, ազատազրկման վայրերում, զորամասերում՝ այնտեղ գտնվող եւ տվյալ կրոնական կազմակերպության անդամ հանդիսացող քաղաքացիների խնդրանքով»:

Հոդվածում ոչ մի տող չկա, ըստ որի` կթույլատրվեր հանրային վայրերում կրոնական գրականություն բաժանելը:

Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ օրենքով արգելված է հանրային վայրերում գրականություն բաժանելը: «Այս հարցով պետք է զբաղվի ոստիկանությունը և կառավարությանը կից ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժինը, քանի որ այստեղ օրենքի խախտում կա` գրականությունը բաժանելով` քարոզչություն են իրականացնում: Եթե ամեն ինչ օրենքով անեն և օրենքին հետևեն, ամեն ինչ տեղը կընկնի»,- ասաց նա:

Ամարյանը նշեց նաև, որ ոչ ոք չի զբաղվում այս խնդրով, քանի որ Եվրախորհրդից են վախենում, բացի այդ` գաղտնիք չէ, որ վերևներում նույնպես կան մարդիկ, ովքեր այս կազմակերպության անդամ են:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ տեսնում ենք, որ փողոցում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության անդամները գրականություն են բաժանում, ի՞նչ կարող ենք անել մենք` հասարակ քաղաքացիներս, Ամարյանը պատասխանեց, որ կարող ենք ոստիկանություն զանգահարել, որտեղից էլ կգան, արձանագրություն կկազմեն, գրքերը կհավաքեն ու կդիմեն կառավարության համապատասխան բաժին:

Ոստիկանությունից տեղեկացրեցին, որ նման դեպքերում իրենք իրավասու չեն քայլեր ձեռնարկել, եթե այդ կազմակերպության անդամները հասարակական կարգը չեն խախտում կամ քարոզչություն անում: Այս դեպքում միայն Երևանի քաղաքապետարանը կարող է ուղղակի նրանց տարածք չտրամադրել` Հանրապետության հրապարակի ուղիղ կենտրոնում ստենդ տեղադրելու և «Կուզե՞ք` գիրք առաջարկենք ձեզ» «ակցիան» իրականացնելու համար: