Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին շրջանում Եհովայի վկաները հանրապետության տարբեր մասերում ստենդներ են տեղադրել, որոնց միջոցով իրենց գրականությունն են տարածում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանը:
Նա նշեց նաև, որ քաղաքում ստենդներ տեղադրելը հակաօրինական է, քանի որ, օրենքի համաձայն, նրանք գործունեություն կարող են իրականացնել միայն իրենց համար առանձնացված տարածքում, իսկ փողոցում նրանց նման գործունեությունը հանրային քարոզչություն և հոգեորսություն է դիտարկվում:
«Հարցի հետ կապված` դիմել էինք ՀՀ ոստիկանություն, քրեական գործ էր հարուցվել, որը, սակայն, փակվեց` հանցակազմի բացակայության պատճառով: Մենք պահանջում ենք, որ փողոցներից հավաքվեն այդ ստենդները, քանի որ նրանց գրքերը շատ գունազարդ են, և չես կարող ասել, թե ինչ կլինի երեխայի ճակատագիրը, որը պատահականորեն փողոցից մի գունազարդ գրքույկ է վերցրել»,- ասաց Մուրադյանը:
Նա նշեց նաև, որ Եհովայի վկաները շատ երկրներում որպես տոտալիտար աղանդ են գրանցված, սակայն մեզ մոտ այդ բնորոշումը չունեն: Մուրադյանը տեղեկացրեց, որ նրանց գրքույկներում վտանգավոր կոչեր կան, օրինակ` ոչ մի դեպքում արյան փոխներարկում չանել, անգամ` եթե դրա շնորհիվ կարող է մարդու կյանքը փրկվել: «Նրանք մերժում են ազգային հիմնը, դրոշը, կոչեր անում չհարգել դրանք»,- ներկայացրեց բանախոսը:
Ըստ Մուրադյանի` նրանց անօրինական գործունեության դեմ հնարավոր է պայքարել միայն համախմբված գործունեության միջոցով, Երևանի քաղաքապետարանն ու ՀՀ ոստիկանությունն այս դեպքում պետք է հստակ քայլեր ձեռնարկեն:
Yerkir.am-ի հարցին, թե վերոհիշյալ կրոնական կառույցը միայն դրսի՞ց է ֆինանսավորվում, Մուրադյանը պատասխանեց, որ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը կրոնի, գաղափարախոսության վրա հիմնված լավ բիզնես մոդել է դարձել ամբողջ աշխարհում. «Նրանք գրականություն են արտադրում և տարածում: Յուրաքանչյուր անդամ պարտավոր է իր հաշվին ձեռք բերել որոշակի քանակությամբ գրականություն և անվճար տարածել, այսինքն` տեղում իրենց բիզնեսն են հիմնում»:
«Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանն էլ նշեց, որ արդեն 1 տարի է, ինչ հետևում է Եհովայի վկաների գործունեությանը Հայաստանում և արդեն բավական տվյալներ ունի, որոնք առաջիկայում ամբողջացնելով` հանդես կգան կոնկրետ քայլերով:
«Առաջիկայում պատրաստվում ենք դիմել համապատասխան ատյաններին` պահանջով` փակել այդ կառույցը: Նրանք ազգային անվտանգությանը սպառնացող գործունեություն են ծավալում` խախտելով ՀՀ Սահմանադրությունը և օրենքները: Ավելին` նրանք ադրբեջանցիներին համարում են իրենց եղբայրը, և չես կարող ասել` քո թիկունքում ինչ են անում»,- ասաց Աղաջանյանը` հավելելով, որ եթե Ֆրանսիան փակել է այդ կազմակերպությունը` ազգային անվտանգության նկատառումներով, ի՞նչն է խանգարում նույն բանն անել նաև մեզ մոտ: