Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
«Ո՛չ որդեսպանությանը», «Ո՛չ զոմբիացմանը», «Այո՜ եկեղեցուն», «Այո՜ ազգային անվտանգությանը». այս կոչերով Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ երիտասարդներ Մարտիրոս Սարյանի արձանի մոտից ուղևորվեցին Ազգային ժողով, հետո նաեւ նախագահի նստավայր` պահանջելով Խղճի եւ կրոնի ազատության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնել:
Երթի մասնակիցները պահանջում են, որ օրենքում հստակ ամրագրվի, թե ինչ պատիժ է հասնում նրանց, ովքեր զբաղվում են հոգեորսությամբ:
Երթի մասնակիցներից Հայկ Կիսեբլյանի խոսքերով` երիտասարդները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ իրենք Հայ Առաքելական եկեղեցու կողքին են: «Նախաձեռնության միջոցով ցանկանում ենք, որ աղանդների գործունեությունը սահմանափակվի, քանի որ նրանք անկառավարելի և անկանխատեսելի են դարձել»,- ասում է Հայկը` հավելելով, որ աղանդների դեմ լարվածությունը սկսվեց այն ամենից հետո, երբ երկու Եհովայի վկաներ հարձակում գործեցին Տեր Եսայի քահանա Արթենյանի վրա:
Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միության անդամ Անի Ղուկասյանի կարծիքով` նախաձեռնությունը կազմակերպվել է ի շահ մեր Առաքելական եկեղեցու, քանի որ վերջին ժամանակներս շատացել են աղանդավորները: «Պատրաստվում ենք դիմում-նամակով դիմել ՀՀ եւ ԱԺ նախագահներին, որ վերջիններիս կողմից սահմանափակվի աղանդների ծավալած գործունեությունը»,- ասաց նա:
Իսկ երթի մասնակից Մելոյան Հրանուշը հույս չունի, որ նախաձեռնությունը դրական հետւևանքներ կունենա: «Մեր վերադասները տեսնում են կատարվող անօրինությունները և ոչ մի քայլ չեն ձեռնարկում նրանց դեմ: Շատ ենք դիմել նրանց, բայց ոչ մի արձագանք»,- ասաց նա: Իսկ թե ինչու է երթին մասնակցում, եթե դրական ելքի հույս չունի, Հրանուշը նշեց, թե` «կարող է մի բան փոխվել»:
Առաքելական եկեղեցու հետևորդ Հեղինե Միրզոյանն էլ կարծում է, որ յուրաքանչյուրս ազատ ենք կրոնի ընտրության հարցում. «Բայց դեմ եմ, որ հոգևորսություն է կատարվում եկեղեցու տարածքում ու ոտնահարում են քահանայի կան քաղաքացու իրավունքները»:
Պերճուհի ԳԵՎՈՐԳՅԱՆ