| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախընտրական շրջանն արդեն սկսվել է, եւ կշահեն քաղաքական այն ուժերը, որոնք ճիշտ կօգտագործեն նախընտրական տեխնոլոգիաները. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը:
«Զուտ նստացույցերով կամ դասախոսություններով նախընտրական շրջանում առավելության հասնել հնարավոր չէ»,- ասաց պատգամավորը` նկատի ունենալով ՀԱԿ-ին, սակայն չբացառեց այն, որ այս ուժն էլ հաջորդ խորհրդարան մտնելու հնարավորություններ ունի: 
 
 
Նրա խոսքերով` նախընտրական նորմալ գործունեություն կատարում են խորհրդարանական բոլոր ուժերը` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ եւ «Ժառանագություն»: Իսկ մյուս ուժերը, որոնց անունները չեն տրվում, հիմնականում տեսականորեն են քարոզարշավն անում: Դրանք հիմնականում մարդկային եւ այլ ռեսուրսներ չունեցող կուսակցություններն են:
«Եթե դու ռեսուրսներ չունես, ուրեմն տեսաբան ես»,- ասաց պատգամավորը` չբացառելով նաեւ այն, որ ընտրություններից հետո արդյունքները կարող են բոլորովին այլ լինել, քան ներկայումս ենթադրվում է: Նրա խոսքերով` կարեւորը «ֆինիշն» է. սպորտում միշտ չէ, որ մեկնարկի ժամանակ արագ շարժվածը վերջում էլ է լավագույն ցուցանիշն ունենում:
«Ինչքան հզոր ուժ էլ ուզում է լինի, եթե նորմալ նախընտրական գործառույթներ չանի, չի անցնի. Ադիբեկյանի թվերին չհավատաք»,- ասաց Հ. Հարությունյանը:
Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե Ադիբեկյանի հրապարակած թվերը միշտ հօգուտ ՀՀԿ-ի են, ինչո՞ւ է խորհուրդ տալիս` չհավատալ նրան, պատասխանեց. «Խոսքը կանխատեսումների մասին է: Էսօր ինձ ասում են, որ 50 տոկոս ձայն ունեմ, բայց եթե արխային գնամ, քնեմ, մի երկու ամիս հետո կարող է 0 ձայն ունենամ»: