Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Արցախի ժողովուրդն արյան գնով է նվաճել իր անկախությունը: Այնուհետեւ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության, ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչության եւ ամերիկահայերի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ ասել է, որ «Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն կարագացնի մեր կողմից ԼՂ անկախության ճանաչումը»: Ինչո՞ւ չի ճանաչվում ԼՂ անկախությունը եւ ինչո՞ւ չի կարող ճանաչվել:
Հայտնի է, որ հակամարտությունների լուծումներին տրամադրված են այն համակարգերը, որոնք ժողովրդավարական են: Ժողովրդավարությունն անիմաստ է դարձնում ոչ թե բուն հակամարտությունը, այլ երկրի ներսում հակամարտության ցանկացած տրամադրություն: Երբ ՄԱԿ-ի ամբիոնից ասվում է, որ Ադրբեջանը վիժեցրել է, մասնավորապես` Կազանում համաձայնության գալու հնարավորությունը, հաշվի չի առնվում, որ Ադրբեջանը պատճառ չունի այլ կերպ վարվելու, ավելի ճիշտ` ունի նույն պատճառները, ինչ` Հայաստանը: Որո՞նք են դրանք:
Առաջին` ո՞վ ինչպես է մասնակից այդ հակամարտության կարգավորմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիները մասնակից են միմյանց հանդեպ հանդուրժողականությամբ: Այսինքն` նրանց մասնակցությունը պասիվ է: Բայց ակտիվանում է, երբ իշխանությունները չեն ուզում, որ հակամարտությունը լուծվի: Ինչո՞ւ չեն ուզում: Որովհետեւ ինչքան իշխանությունը պակաս ժողովրդավարական է, այնքան կարիք ունի իր ժողովրդին կերակրել թշնամիներով: Ավտորիտար ղեկավարին միշտ թշնամիներ են պետք: Թշնամին իշխանության ղեկին մնալու նրա ռեսուրսններից մեկն է:
Ավտորիտար երկրներում իշխանությունները միշտ խնդիր ունեն լինել առաջին պլանում: Այսինքն` եթե նրանք ազատականացնեն տնտեսությունը, չխառնվեն էլեկտրոնային լրատվամիջոցների գործերին, ստիպված կլինեն ավելի քիչ մասնակցություն ունենալ նաեւ ԼՂ խնդրի լուծմանը: Որովհետեւ հասարակությունն ինքը բազմակարծության դաշտում կփորձի հասկանալ որեւէ մեկին թշնամի հռչակելու անհեթեթությունը, եթե նպատակն ընդամենը խաղաղ ապրելն է:
Ղարաբաղը Հայաստանի եւ հենց ղարաբաղցու «նավթն» է: Այսինքն` ունենալով մի ռեսուրս, որով իշխանությունը կարող է խոսել գերտերությունների հետ, նա բռի մեջ է պահում իր ժողովրդին: Այսինքն` շնորհիվ Ղարաբաղի հարցի «անլուծելիության», երկու երկրների իշխանությունները ժողովրդին «հասկացնում» են, որ ժողովրդավարական բոլոր նվաճումները չէ, որ հակամարտություն ունեցող երկրի հագով են:
Բայց Ադրբեջանը մի ռեսուրս ավել ունի` նավթ: Նա մեծ տերությունների բերանը փակելու լավագույն ռեսուրսին է տիրապետում: Մարդուց դուրս ցանկացած ռեսուրս ժողովրդավարության դեմ է, ժողովրդավարությունն ինքը ռեսուրս չէ, այլ բնականոն հարաբերությունների նախապայման, որովհետեւ վերաբերում է մարդկանց: Մնացածը` նավթը, ուրանի հանքերը, ոսկին, ռեսուրսներ են, որոնց շնորհիվ գերտերությունները «բազար» են անում այդ ռեսուրսներին տիրապետող երկրների ղեկավարների հետ: Ի սեր ժողովրդավարության «բազար» չես անի:
Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններն իրենց երկրի ներքին գրեթե բոլոր խնդիրներում ունեն բացասական մասնակցություն, այսինքն` ներգրավվածություն, այսինքն` միանձնյա տիրապետություն: Բնականաբար, այսպիսի տիրապետմանն ընդդիմացողները հռչակվում են ներքին թշնամիներ: Քանի որ ներքին թշնամին չի տիրապետում Ղարաբաղի խնդրի լուծման նրբություններին, նրա ցանկացած ակտիվություն կարող է դիտվել քայլ ընդդեմ Ղարաբաղի, այսինքն` թշնամու ջրաղացին ջուր լցնելու մի քայլ: Եթե ԼՂ հարցը լուծվի, ինչ-որ կերպ, ցանկացած ավտորիտար ուժ Հայաստանում եւ Ադրբեջանում կկորցնի իշխանությունը պահելու բոլոր լծակները, որովհետեւ չի կարողանա պատճառաբանել, թե ազգային նշանակության ո՞ր մարտահրավերին ի պատասխան է ինքը ավտորիտար: Նավթը կարող են վաճառել բոլորը, բայց իրենց ժողովրդին ԼՂ խնդրի լուծման անհրաժեշտությունը համոզել բոլորը չէ, որ կարող են:
Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը այնքան ժամանակ չի ճանաչի Ղարաբաղի անկախությունը, քանի դեռ իր «նավթը» Ղարաբաղն է: Իսկ նավթ ունեցող Ադրբեջանի ինչի՞ն է պետք մեր «նավթը»: Ըստ իս` նավթը նավթ է, թե' իբրեւ տարածքային միավոր, թե' իբրեւ սեւ մածուցիկ հեղուկ: Ո'չ Ադրբեջանը կգրոհի այդ «նավթի» վրա, ո'չ էլ Հայաստանը կճանաչի այն, դրանով երկուսն էլ իրենց կզրկեն Ղարաբաղից, ինչպես նաեւ դուրս կմղվեն քաղաքական արենայից:
Սեյրան ՀԱՆՈՅԱՆ