Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի ազգային պատկերասրահի շենքը չի համապատասխանում ժամանակակից պահանջներին. այսօր լրագրողներին հայտնեց ՀԱՊ-ի տնօրեն Արման Ծատուրյանը: Ըստ նրա` պատկերասրահում ամռանը շոգ է, ձմռանը` ցուրտ, չնայած այն փաստին, որ կաթսայատուն ունեն, որը ձմռանը շուրջօրյա աշխատում է:
«Մեր ժառանգությունը շատ վատ պայմաններում է պահվում, պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Ճիշտ է, կառավարությունը մեզ նոր շենք տրամադրելու ծրագիր ունի, սակայն եթե, ֆինանսական խնդիրներից ելնելով էլ, չկարողանան այն կյանքի կոչել, պետք է սկսենք շենքային պայմանները բարելավել: Ես հասկանում եմ, որ մենք ունենք բազում խնդիրներ, մասնավորապես` սահմանին տիրող իրավիճակը, բայց ուզում եմ հիշեցնել մի դեպք` երբ պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանը ներկայացրեցին պետության բյուջեն, և նա տեսավ, որ այնտեղ մշակույթին հատկացված ծախսեր չկան, հարցրեց, թե ինչո՞ւ են դրանք բացակայում, ի պատասխան նրան ասացին, թե` երկրում պատերազմ է, ի՞նչ մշակույթ: Սակայն Չերչիլն ասաց, որ եթե մշակույթը չկա, այս դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում»,- ասաց Ծատուրյանը:
Ըստ նրա` պատկերասրահի վատ պայմանների պատճառով արդեն կան կտավներ, որոնք այնքան են վնասվել, որ այլևս ենթակա չեն ցուցադրման: Պատկերասրահի տնօրենը հավաստիացրեց նաև, որ վերականգնման բաժնում ունեն 9 աշխատակից, որոնք աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, բայց, միևնույն է, չեն հասցնում, քանի որ բաժինը խեղդված է վերականգնման կարիք ունեցող աշխատանքներով: «Եկել է ժամանակը, որ ինչ-որ բան պետք է արվի: Բոլորս ուրախանում ենք Մատենադարանի նոր շենքով, ինչ հիանալի կառույց է, չէ՞, ստացվել, և եթե Մատենադարանը մեր սիրտն է, ապա պատկերասրահն էլ մեր հոգին է»,- ասաց տնօրենը:
Ծատուրյանը նշեց, որ այլընտրանք չկա` կա'մ շենքի խնդիրը պետք է լուծվի ու նոր տարածք տրամադրվի, կա'մ շենքային պայմաններն է հարկավոր բարելավել, հակառակ դեպքում` վտանգված է պատկերասրահում պահվողմեր հարստությունը` 40 000 թանգարանային նմուշ: