Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Եվրոպական ֆուտբոլային գերտերությունների առաջնություններում տեղի ունեցան հերթական դիմակայությունները:
Ավանդույթի համաձայն` իսպանական գրանդերը շարունակում են անակնկալներ մատուցել: Բայց, միևնույն է, մրցաշարային աղյուսակի 1-ին և 2-րդ հորիզոնականներում թիմերը փոխվում են շախմատային նավակ-թագավոր օրինաչափությամբ: Չնայած այս ամենին` «Բարսան» և «Ռեալը» մնում են անկանխատեսելի:
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնան» 8 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:
Սեփական հարկի տակ «Կամպ Նուում» կատալոնական ակումբը ջախջախեց «Օսասունային»: Կապտանռագույնների կազմում Լեոնել Մեսսին հեթ-տրիկ ձևակերպեց, դուբլի հեղինակ դարձավ Դավիդ Վիլիան, մեկ գոլ էլ խփեց Խավի Էռնանդեսը, իսկ հյուրերից սեփական դարպասը գրավեց Ռոդրիգես դը Բարոսը, ինչն էլ դարձավ այս տուրի զավեշտը:
Մադրիդի «Ռեալը» նույնպես շտապեց զարմացնել, սակայն դրանից լավ բան դուրս չեկավ: Մրցակցի հարկի տակ արքայականը նվազագույն հաշվով պարտվեց «Լևանտեին»: Դա էլ դարձավ Ժոզե Մոուրինիոյի թիմի 1-ին պարտությունը ընթացիկ մրցաշրջանում:
Անգլիայում այս շաբաթն անվանում էին Super WeekEnd, պատճառը այն էր, որ այդ տուրում միմյանց հանդիպեցին Լոնդոնում` «Տոտենհեմն» ու «Լիվերպուլը», իսկ Մանչեսթերում «Յունայթեդը» և «Չելսին»:
Առաջին խաղում գրանցվեց ցավալի հաշիվ «Լիվերպուլի» երկրպագուների համար: Խաղն ավարտվեց 4-0` հօգուտ «Տոտենհեմի»: Գոլերի հեղինակներ դարձան` Մոդրիչը, Դեֆոն և Ադեբայորը, վերջինս դարձավ դուբլի հեղինակ:
Առավել հետաքրքիր հանդիպում ստացվեց Մանչեսթերում, որտեղ տեղի «Յունայթեդը» հանդիպեց «Չելսիի» հետ: Երկու թիմերն էլ մրցաշրջանում դեռ չէին զգացել պարտության դառնությունը: Հանդիպման առաջին կեսում խաղադաշտում առավել հաջող էր գործում Ալեքս Ֆերգյուսոնի ղեկավարած կոլեկտիվը, այդ իսկ պատճառով թիմերը ընդմիջման գնացին 3-0 հաշվի ժամանակ: Գոլերի հեղինակներ դարձան Սմոլինգը, Նանին և Ռունին: Երկրորդ կեսի հենց առաջին րոպեին Ֆերնանդո Տորեսը «Չելսիի» կազմում իր երկրորդ գնդակը խփեց` կրճատելով հաշվի հավասարակշռությունը: Խաղավարտից 7 րոպե առաջ իսպանացին հնարավորություն ստացավ նաև իր երկրորդ գնդակը խփել, սակայն չկարողացավ գրավել դատարկ դարպասը: Արդյունքում ազնվականները կրեցին առաջին պարտությունը:
Գերմանիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակներում հաջողության է հասնում Մյունխենի «Բավարիան»: Արտագնա խաղում 0:2 հաշվով մյունխենցիները առավելության հասան Գելզենկիրխենի «Շալկե-04»-ի նկատմամբ: Հանդիպման 21-րդ րոպեին հաշվիվը բացեց Նիլ Պետերսենը և 75-րդ րոպեին այն կրկնապատկեց Թոմաս Մյուլլերը:
Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին Սամուել Էտոյին կորցրած «Ինտերը» և Լուիս Էնրիկեի շնորհիվ իսպանական շունչ ստացած «Ռոման»:
Հանդիպումը, անկասկած, Ապենինյան թերակղզում համարվում է ամենադիտարժան ու հետաքրքիր ֆուտբոլային դիմակայություններից մեկը: Այն, ընդհանուր առմամբ, անցավ լարված և անզիջում պայքարում: Սակայն Ջուզեպե Մեացիայի անվան «Սան Սիրո» մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերները այդպես էլ խփած գնդակներ չտեսան:
Իտալիայում, բացի վերոնշյալ հանդիպումից, խաղային երկրորդ օրը կայացավ ևս մեկ հետաքրքիր դիմակայություն: Նեապոլում տեղի «Նապոլին» ընդունեց նախորդ մրցաշրջանի հաղթող «Միլանին»: Հանդիպման արդեն առաջին կեսում գրանցվեց 3 գնդակ: Նախ` «Միլանից» հաշիվը բացեց Ակվիլանին, սակայն, մեկ րոպե չանցած, Կավանին հավասարեցրեց այն: Իսկ խաղակեսի վերջնամասում Գարգանոյի օգնությամբ ուրուգվայցի հարձակվողը առաջ մղեց «Նապոլիին»: Հանդիպման երկրորդ կեսում Էդիսոն Կավանին, ձևակերպելով հեթ-տրիկ, հաղթանակ պարգևեց նեապոլցիներին:
© 2024 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։