կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-31 11:42
Իրավական

Մանկապիղծը դեմ է բռնության վարկածին

Մանկապիղծը դեմ է բռնության վարկածին

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի գործով դատավարությունը:

Ինչպես տեղեկացնում է yerkir.am-ի Վանաձորի թղթակիցը, մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանն ասել է, որ փակ դատալսումները շարունակվում են նույն կարգով` տուժողների հարցաքննություն, տեսանյութերի դիտում: Երեք տուժողներից դատարանը հասցրել է միայն մեկին լսել:

Այսօր ևս տուժողի հարցաքննությունը բավական երկար է տևել: Ըստ դատախազի` դա են պահանջում գործի շահերը:

Տուժողները նախաքննական ցուցմունքների որոշ դրվագներց հրաժարվել են անտրամաբանական պատճառաբանություններով, բացի այդ` տղաները հոգեբանորեն ճնշվում են, երբ հարցաքննվում է ամբաստանյալը:

«Այսինքն` ըստ էության, նրանք ժամանակին ինչ-որ կախվածություն են ունեցել Սերոբ Տեր-Պողոսյանից և հիմա դժվարանում են այդ ամենը հրապարակայնորեն, բառացի կրկնել: Նրանց ցուցմունքներում կան էական հակասություններ, որոնք փորձում ենք վերհանել, վերլուծել, հայտարարություններ են անում, որտեղ այդ անտրամաբանական գիծը նկատվում է»,- ասել է դատախազը:

Թե' տուժողները, թե' ամբաստանյալը չեն հերքում, որ տեսանյութերում իրենք են: Սերոբ Տեր-Պողոսյանը դեմ է միայն բռնության վարկածին, ասում է, որ բոլորն իրենց կամքով են գործողությունները կատարել:

«Մենք ներկայացրել ենք ապացույցներ, դրանք կան քրեական գործում, այս գործով բավականին լավ քննություն է կատարվել, և ապացույցները բավարար են այն մեղադրանքի համար, որը մենք առաջադրել ենք»,- համոզված է մեղադրող կողմը:

Դատավարության նկատմամբ մեծ է հասարակական ուշադրությունը: Դատարանի բակում այս անգամ «Հույս և օգնություն» ՀԿ-ի վանաձորյան կառույցի աշխատակիցներն են խաղաղ ակցիա անցկացրել`մանկապղծությունը դատապարտող պաստառներով:

Այսօրվա նիստի ընթացքում դատարանը դիտելու է տեսանյութեր, որոնք տեխնիկական պատճառներով չեն հասցրել դիտել մինչև վերջ: