կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 18:59
Արցախ

Ստեփանակերտի քաղաքապետ դառնալու համար կպայքարի 3 հոգի

Ստեփանակերտի քաղաքապետ դառնալու համար կպայքարի 3 հոգի

Երեկ` երեկոյան ժամը 18։00-ին, ավարտվել է ԼՂՀ-ում սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարների եւ ավագանու անդամների առաջադրումը։ Ներկայումս կատարվում է թեկնածուների գրանցումը, որը կտեւի մինչեւ օգոստոսի 29-ի ժամը 18։00-ը, իսկ օգոստոսի 30-ից կսկսվի քարոզարշավը։

Ինչպես yerkir.am-ին տեղեկացրեց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Արիս Գրիգորյանը, ընդհանուր առմամբ՝ համայնքի ղեկավարի համար իրենց թեկնածությունն են առաջադրել 223 հոգի։ Համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվել հանրապետության երկու՝ Շուշիի շրջանի Քիրսավան եւ Քաշաթաղի շրջանի Վաղազին համայնքներում։

Ավագանու անդամի համար թեկնածություն են առաջադրել 1226 հոգի։ Ավագանու անդամների ընտրություններ չեն լինի միայն Քաշաթաղի շրջանի Գանձա համայնքում, որտեղ իրենց թեկնածությունն առաջադրել են ընդամենը 2 հոգի՝ պահանջվող 5-ի փոխարեն։

ԿԸՀ մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուները 3-ն են՝ Սուրեն Գրիգորյանը (ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար), Մարատ Հասրաթյանը (ԼՂՀ ԱԺ պատգամավոր) եւ Էդուարդ Աղաբեկյանը (ԼՂՀ վարչապետի խորհրդական, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ)։ Բոլոր 3 թեկնածուներն էլ այսօր արդեն գրանցվել են։