Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստաբանական դպրոցի աշնանային հոսքի ընդունելության քննությունը շարունակվում է: Քննություն հանձնելու իրավունք ունեցողների առաջին խումբն արդեն իսկ ավարտել է քննությունը, երկրորդ խումբը շարունակում է պատասխանել թեստային հարցերին:
Yerkir.am-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի մամուլի պատասխանատու Հայկ Հակոբյանը հայտնեց, որ քննություն հանձնելու իրավունք ստացել են 192 հոգի: Նրանց թվում են և առկա, և հեռավար կերպով սովորելու համար դիմածները:
Հ. Հակոբյանի խոսքով, 60 տեղ հատկացված է առկա սովորողներին, 5 տեղ գիտական բարձր աստիճան կամ երկարամյա աշխատանքային փորձ ունեցող իրավաբան-դիմորդներին:
Այս անգամ նորամուծություն է արվել. տարանջատվել են քրեական իրավունքի և քաղաքացիական իրավունքի հոսքեր: Նախապես իրենց հոսքն ընտրած դիմորդները տարբեր լսարաններում են քննությունը հանձնում, յուրաքանչյուրի դեպքում թեստային առաջադրանքների համամասնությունը տարբեր է:
Մասնավորապես` քրեական իրավունքի հոսքն ընտրած դիմորդների թեստային առաջադրանքներում գերակշռում են քրեական իրավունքին վերաբերող հարցերը, իսկ քաղաքացիական իրավունքի հոսքի դեպքում` քաղաքացիական իրավունքին վերաբերող հարցերը:
Հ. Հակոբյանը հավելեց նաև, որ հատկացված վերոնշյալ 60 տեղերից 20-ը նախատեսված է քրեական իրավունքի հոսքն ընտրած դիմորդների համար, 40-ը` քաղաքացիական:
Ինչ վերաբերում է քննության արդյունքներին, Հ. Հակոբյանը նշեց, որ դեռևս վաղ է այդ մասին տեղեկություններ ստանալու համար, սակայն քննություն հանձնողը թեստային առաջադրանքները կատարելուց հետո «մեկ քլիքով» իմանում է նաև իր ստացած միավորը և դուրս գալիս:
Իսկ ավելի ուշ` քննական երկու օրերի տվյալները ամփոփելուց հետո, բոլոր դիմորդների միավորները կհրապարկվեն (նաև թղթային տարբերակով):