կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 10:32
Առանց Կատեգորիա

Հայրենիքի պատերազմական բեկորները

Հայրենիքի պատերազմական բեկորները
Նախանձեցեք նրանց, ովքեր կրում են Հայրնիքը իրենց ոտքերի մեջ՝ որպես տնքացող մկան, որպես փամփուշտի բացած անցք, որպես ուռած երակ, ովքեր կրում են Հայրենիքը իրենց մաշկի տակ ու մսերի մեջ՝ որպես արկերի ու նռնակների բեկորներ…
Արմեն Դավթյան

Ասում են Մայր հողը իրենում կրում է ժողովրդի պատմական հիշողությունը եւ ցավը… Մայր հողը, սակայն, իրենում կրում է նաեւ պատերազմական պայթյունների բեկորները: 1994թ. մայիսյան զինադադարից հետո պատերազմը ոչ միայն արձագանքվում է զոհված ունեցողների հոգիներում եւ գնդակի ու բեկորի ցավն իրենց մեջ կրող վիրավորների քայլվածքում, այլեւ երբեմն շարունակում որոտալ այժմ արդեն թիկունք դարձած տարածքներում՝ ճանապարհներին, անտառային կածաններում եւ հերկվող դաշտերում, երբ մարդու քայլվածքի ու տեխնիկայի անիվների առջեւ դարանակալ մահվան նման պայթյունով բացվում է հողը՝ նվաճած հաղթանակն ու խաղաղությունը վերածելով ստորգետնյա ականային պատերազմի:

Ռազմաճակատում 1993-ի փետրվարյան բեկումից հետո Մարտակերտի ազատագրված տարածքը, առաջ շարժվող զինվորների ու վերադարձող փախստականների առջեւ եթե սկսեց բացվել հակառակորդի ավերված դիրքերով, այրված զրահատեխնիկայով, պայթած այլազան արկերի սեւացած բեկորներով, ապա իր խորքերում էլ որպես շաղ եկած թշնամական հատիկներ, մինչեւ օրս կրում է զսպանակված մահվան այս թակարդները, որոնց վնասազերծմամբ են մինչեւ այժմ զբաղված սակրավորները: Պատերազմի ժամանակ նրանք ընթանում էին տանկերի առջեւից, իսկ խաղաղության այս տարիներին էլ նախ իրենք են դաշտերը «հերկում»՝ հանելով թշնամու նետած մահվան սերմերը, որ կյանքը շարունակվի վերընձյուղվել հայրենի հողում: Պատերազմում բախտդ ժպտում է ոչ միայն այն ժամանակ, երբ գնդակը կողքովդ է անցնում, այլեւ երբ ականի կողքին ես կանգնում եւ ոչ թե վրան:

Արցախյան պատերազմը եկավ կենդանիորեն հավաստելու սակրավորներին վերաբերվող այն տխուր սրամտությունը, որ սակրավորները կյանքում երկու անգամ են սխալվում. առաջինը սակրավոր դառնալիս, երկրորդը՝ ականի վրա ելնելիս: Պատերազմի զոհերը միայն մարդիկ չեն դառնում, այլեւ անգամ մարդուց փախչող եւ մարդկային հակամարտություններից այնքան հեռու եւ անհաղորդ կենդանիները: Դաշտերում եւ անտառներում իրենց վազքն ակամա մարմնավոր մի ականորսության է վերածվում, եւ հնչում է հերթական պայթյունը այնտեղ, որտեղ դեռեւս չեն հասել սակրավորները ու չեն մտնում մարդիկ: Կենդանիների պայթյունին հաջորդում է եւ նրանց այրան հոտը առած գիշակերների վախճանը՝ մի նոր պայթյունով, երբ նրանք էլ պայթում են այդ ականի մոտակա մյուս ականի վրա:

Ականին չի հետաքրքրում՝ դիմացից եկողը երեխա՞ է, թե՞ զինվոր… Նրա համար կարեւորը եկողի ծանրությունն է կամ էլ իրեն հպվելու ուժը: Ով աշխատեցրեց իր զսպանակը, նրան էլ կպատժի իր բեկորներով: Ականապատված տարածքներն էլ յուրօրինակ մի աշխարհ են, որտեղ գործում եւ բեկվում են համընդհանուր հասկացություններն ու չափանիշերը, անգամ կենդանական բնազդներն ու մարդկանց էլ զարմացնող հավատարմությունը:

Սակրավորները ոչ միայն տեղի ունեցած ողբերգական պատահարներն են թվում, այլեւ հուզիչ դեպքեր պատմում կենդանիների աշխարհից, որտեղ թեւածող սերն ու հավատարմությունը շարունակվում է անգամ մահվան այսպիսի գոտիներում: Սակրավորների այս պատմածներից տարիների հեռավորությունից անջնջելիորեն տպավորվել է հատկապես հետեւյալ պատմությունը, որը կարող է եւ գրական ստեղծագործության նյութ դառնալ:

Անտառապատ բացատում աղվեսը պատահաբար պայթում է ականի վրա, եւ պայթյունի ալիքը նրա մարմինը շպրտում է մի քանի մետր այն կողմ՝ մեկ այլ ականի մոտ: Վերեւում ճախրող արծիվը սլանում է ներքեւ՝ որսի տիրանալու ակնկալիքով, սակայն ինքն էլ է պայթում: Պայթյունի ձայնը լսած եւ այստեղ շտապած սակրավորները տեսնում են, թե ինչպես բզկտված արծվի զուգընկերը, վերեւից տեսնելով այս երկու պայթյունները, բնազդային մի մղումով ասես հասկանալով, թե մահը գալիս է գետնի տակից, թափով վար է սլանում եւ ընկած արծվի կողքին վերուվար անելով, սկսում խփվել հողին, մինչեւ ինքն էլ հանդիպելով ու պայթելով մեկ այլ ականի վրա, անշարժանում է նրանից մի քիչ այն կողմ:

ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակին հաջորդող տարիներին, երբ վերջապես կգա այն օրը, որը մեզ լիարժեքորեն իրավունք կտա կանգնեցնելու Արցախյան հաղթանակի հավաքական ու խորհրդանշական հուշարձանը, հարկ կլինի որոշել, թե ինչից պետք է պատրաստել այն: Այդժամ, կարծում եմ, ճիշտ կլինի հավաքել Արցախի հողում գտնվող այրված բոլոր զրահամեքենաների, «Ալազան» հրթիռներից մինչեւ հեռահար հրետանու արկերի եւ ինքնաթիռային կեստոննանոց ռումբերի, նռնակների եւ հակահետեւակային ու հակատանկային ականների բոլոր բեկորները եւ նրանցից ձուլել հավաքական մի բանակի վերածված ժողովրդի հաղթանակի կոթողը, որը կխորհրդանշի անկոտրում այն կամքը, որի առջեւ Թարթառի եւ Խաչենագետի հովիտներում այրված տեխնիկայի ու պայթած ռումբերի բեկորների վերածվեցին Արցախի դեմ նյութված բոլոր դավերը եւ արցախահայությանը ուժով ծնկի բերելու փորձերը:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ