Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Հայ ազգային կոնգրեսը իշխանություններին 24 ժամ էր տվել` կալանավորված ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու համար: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարել էր, թե օգոստոսի 9-ին ՀԱԿ ակտիվիստների եւ իրավապահների միջեւ տեղի ունեցած միջադեպը մեծ խոչընդոտ է երկխոսության համար:
«Սակայն դեռ կա 24 ժամ ժամանակ, եւ կախված նրանից, թե ինչպիսին կլինի տղաների կարգավիճակը մինչեւ վաղը ժամը 10:00-ը, մենք համապատասխան որոշում կընդունենք»,- ասել էր նա:
Սակայն 24 ժամն անցավ, ՀԱԿ ակտիվիստները դեռ ձերբակալված էին, իսկ ահա ՀԱԿ-իշխանություն երկխոսության հերթական «ռաունդը» կայացավ. ՀԱԿ-ի բանախոսները կազմ-պատրաստ ներկայացել էին:
Հարցին, թե արդյո՞ք սա չի նշանակում, որ ՀԱԿ-ն իր խոսքի տերը չէ, Արման Մուսինյանը ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում պատասխանեց. «Այսօր քննարկվել է օգոստոսի 9-ի միջադեպը բացառապես, եւ այդ կապակցությամբ Լեւոն Զուրաբյանը հայտարարություն է տվել, եւ այն ամբողջապես հերքում է ձեր ասածը»:
Նշենք, որ այսօր երկխոսության հերթական «ռաունդի» ավարտից հետո Լեւոն Զուրաբյանը եւ Դավիթ Հարությունյանը համատեղ հայտարարություն են արել:
«Մենք քննարկել ենք ոստիկանության աշխատակիցների եւ ՀԱԿ ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպը` նախնական պայմանավորվածության հանգելով` շարունակել քննարկումը ուրբաթ` օգոստոսի 19-ին»,- ասել է Լ. Զուրաբյանը:
Ինչեւէ, անկախ այն բանից, թե ինչի մասին են խոսել կողմերը, փաստ է, որ ՀԱԿ-ը չնայած իր «սպառնալիքին», այնուամենայնիվ, ներկայացել է երկխոսությանը, ավելին` շարունակելու է երկխոսել: