Հունիսի 4-ին աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։
Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ ընդգծել, որ այս այցը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու հայ-կիպրական եղբայրական հարաբերություններին՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր պատմական կապերի վրա, որի մեջ իր անգնահատելի ներդրումն է ունեցել նաև Կիպրոսում հայկական համայնքը։ Նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա առավել զարգացնելու և ընդլայնելու հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությունը։
Զոհրաբ Մնացականյանը և Նիկոս Քրիստոդուլիդեսը, անդրադառնալով Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, համոզմունք են հայտնել, որ այս նոր ձևաչափով համագործակցությունը կդառնա ամուր հարթակ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության խթանման և զարգացման ուղիների շուրջ բաց քննարկում ծավալելու և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը նախանշելու և իրականացնելու համար։ ԱԳ նախարարները շեշտել են, որ այս ձևաչափն արդյունավետ կերպով կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և բարգավաճմանը, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխադարձ աջակցությանը։
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ այդ համատեքստում ընդգծելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը:
Զրուցակցի խնդրանքով Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները և կառավարության զարգացման օրակարգը, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի առանձնահատկություններ, որոնց հաշվի առնումը կենսական է խաղաղ կարգավորման համար:
Կիպրոսի հիմնահարցի համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր աջակցությունն է հայտնել խնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վերսկսմանը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը Նիկոս Քրիստոդուլիդեսին է ներկայացրել Հայաստանի մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։