Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ «Հելսինկյան նախաձեռնություն 92» կազմակերպության ԼՂ կոմիտեին կից գործող բանավեճի ակումբի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ հիմնարար սկզբունքները եւ դրանց տարրերը, որոնք առաջարկվում են Կազանի գագաթաժողովում ընդունելու համար, արմատապես հակասում են ԼՂՀ ազգային շահերին:
Կազմակերպության գրասենյակում երեկ տեղի ունեցած քննարկման ժամանակ, որին ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արցախյան բուհերի դասախոսներ եւ ուսանողներ, Արցախյան պատերազմի վետերաններ, փախստականներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, քննարկվել են ԵԱՀԿ պաշտոնական եւ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների կայքերում զետեղված` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները եւ դրանց տարրերը:
«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած գործընթաց պետք է հենվի մարդու հիմնարար իրավունքների, ընտրության ազատության եւ խաղաղ զարգացման վրա: Միջնորդների առաջարկած լուծումը հիմնվում է հայկական կողմերի զիջումների վրա եւ չի կարող ապահովել երկար սպասված խաղաղությունը: Այն հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքներով եւ սպառնում է միջազգային անվտանգությանը:
Ելնելով դրանից` կոչ ենք անում ՀՀ նախագահին չենթարկվել պաշտոնական Բաքվի շանտաժին եւ չընդունել միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքները եւ դրանց տարրերը, ինչպես նաեւ հրաժարվել հակամարտության կարգավորման արդեն հնացած եւ վտանգավոր մոտեցումներից:
Դիմելով ԼՂՀ ղեկավարությանը՝ կոչ ենք անում հետեւողականորեն պաշտպանել ԼՂՀ քաղաքացիների հռչակված դիրքորոշումը եւ օգտագործել բոլոր մատչելի միջոցները՝ կանխելու համար ՀՀ-ի կողմից կարգավորման առաջարկվող սխեման ընդունելը»,- նշվում է հայտարարության մեջ:
Դիմելով ԼՂՀ, ՀՀ, քաղաքացիներին եւ Սփյուռքին` բանավեճի մասնակիցները նրանց կոչել են միաբանության եւ վճռականության` հայ ժողովրդին եւ պետականությանն ուղղված մարտահրավերներին ու վտանգներին դիմակայելու համար: