կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 14:48
Քաղաքական

ԼՂ հակամարտության լուծման համար նախագահներն են, որ պետք է քաղաքական կամք հանդես բերեն. Ջեյմս Ուորլիք

ԼՂ հակամարտության լուծման համար նախագահներն են, որ պետք է քաղաքական կամք հանդես բերեն. Ջեյմս Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում առաջարկներ կներկայացնեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով նաև տարածաշրջան կատարելիք հնարավոր այցին ու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպմանը:

– ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերջերս ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ առաջիկայում հնարավոր է հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մոտ օրերս ծրագրե՞լ եք այցելել տարածաշրջան:

– Համանախագահները մոտ օրերս տարածաշրջան այցելելու պլաններ չունեն, սակայն հուսով ենք, որ մոտ ապագայում կլինի այդպիսի այց: Մեր նպատակն այն է, որ քննարկենք կարգավորման շուրջ բանակցություններն առաջ տանելու հնարավորությունները: Մենք նաև առաջարկներ ենք ներկայացնելու բախումների ռիսկի կրճատման ու երկխոսության խթանման հնարավորությունների վերաբերյալ:

– ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովից առաջ, որտեղ պետք է քննարկվեին երկու հակահայկական բանաձևեր, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ հայտարարությամբ՝ հորդորելով զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն ընթացող բանակցային գործընթացը: Ադրբեջանը խստորեն դատապարտեց ՄԽ այդ հայտարարությունն ու անգամ մեղադրեց համանախագահներին կրոնական խտրականության մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ադրբեջանական կողմի նման պահելաձևը:

– Մենք դեմ չենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության քննարկմանը տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում և պաշտպանում ենք իրենց ցանկությամբ հարցեր առաջ քաշելու Հայաստանի ու Ադրբեջանի իրավունքը: Հայտարարությամբ համանախագահները ցանկանում էին շեշտել, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցային գործընթացի այն ձևաչափը, որ ընդունել են կողմերը: Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հավատարիմ կմնան բանակցային կարգավորման շուրջ Մինսկի խմբի հետ սերտորեն աշխատելու իրենց հանձնառությանը:

Չե՞ք կարծում, որ Ադրբեջանի արտահայտած այդ բացահայտ դժգոհությունը Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն ուղղված հերթական քայլն էր:

– Կողմերի խնդրանքով է, որ համանախագահները հանդես են գալիս որպես միջնորդ: Մենք կշարունակենք մեր միջնորդական ջանքերը տևական կարգավորում գտնելու ճանապարհին այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը հավատացած են, որ մեր ջանքերն օգտակար են: Իսկ լուծման համար նախագահներն են, որ պետք է քաղաքական կամք հանդես բերեն:

– Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան մշտապես հորդորել են Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել բանակցային գործընթացը: Այս համատեքստում պլանավորո՞ւմ եք երկու երկրների նախագահների հաջորդ հանդիպումը:

– Կարգավորման բանալին նախագահների ձեռքին է: Մենք ուզում ենք նպաստել առավել ինտենսիվ երկխոսության և առավել համակարգված բանակցությունների կայացմանը, որպեսզի խաղաղության ուղղությամբ նրանք կարողանան առաջընթաց արձանագրել: