կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-20 15:31
Հասարակություն

Իշխանությունները Սահմանադրությունը փոխելու քաղաքական կամք չունեն

Իշխանությունները Սահմանադրությունը փոխելու քաղաքական կամք չունեն

Yerkir.am-ը «Ազգային առաջընթաց», «Նժդեհյան ցեղակրոն» ու «Հայ կառուցողական» կուսակցությունների առաջնորդներ Լուսինե Հարոյանից,  Գևորգ Հովսեփյանից ու Անդրիաս Ղուկասյանից, որոնք այս օրերին նոր Սահմանադրության նախագիծ մշակել են նախաձեռնել, հետաքրքրվեց` ՀՀ նոր իշխանությունները Սահմանադրությունը փոխելու քաղաքական կամք ունե՞ն:

«Իմ կարծիքով` դա տեսանելի չէ: Այն հստակությունը, որ կցանկանայինք տեսնել, չկա, դրա բացակայությունն էլ մեզ դրդեց ինքնուրույն նախաձեռնություն ստեղծել»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը` ի հավելումն նշելով, թե վստահ են` Հայաստանի բոլոր մարզերի բնակիչները շահագրգռված կլինեն սահմանադրական փոփոխություններով` իմանալով, որ երկրի ռեսուրսները կբաշխվեն հավասարաչափ, այլ ոչ թե միայն Երևանում:

Լուսինե Հարոյանն անկեղծորեն պատասխանեց` սպասում էին, որ իշխանության եկած ուժը երկրի կառավարումը ստանձնելուն պես իր առաջնահերթություններից կհամարի նաև նոր Սահմանադրության նախագծով հանդես գալը: «Բայց, ինչպես տեսնում ենք, այդպես չեղավ, ու դա, իրոք, ազդակ եղավ, որ մենք նախաձեռնենք նոր Սահմանադրության մշակումը: Այս պահի դրությամբ այդ կամքը մենք չենք տեսնում: Եթե երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, ինչպես մենք շարունակ ասում ենք, ուրեմն այն պետք է ունենա տրամաբանական ավարտ նաև օրենսդրական դաշտում»,- շեշտեց նա:

Գևորգ Հովսեփյանի ու նրա գլխավորած կուսակցության համար նույնպես տեսանելի չէ նոր իշխանությունների` Սահմանադրություն փոխելու կամքը:  «Մարդիկ ասում են, թե արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ տեղի ունեցան, դե ժամանակի հետ Սահմանադրությունն էլ կփոխեն, ժամանակ է պետք և այլն: Եղբա՛յր, ոչ ոք դրան դեմ չէ, բայց եթե հեղափոխություն ենք ասում, պետք է հասկանանք նաև, որ այն լինում է շատ արագ, շատ կտրուկ: Արժեքների մեջ է լինում հեղափոխությունը: Հեղափոխությունը տեղափոխություն չէ: Մենք սպասենք, թե այս բանը ե՞րբ կփոխեն… Այն պետք է լինի արժեքային, խորքային: Այս ամենը ժողովուրդը չի տեսնում, արտագաղթը շարունակվում է, մարդկանց սոցիալական վիճակը վատթարանում է, ու գնալով Փաշինյանի ռեյտինգը մեծ արագությամբ ընկնում է»,- նշեց նա: