Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Ասում են, թե աշխարհի ամենահին տաճար-համալսարանը Խառանում (Հարրան) է գտնվում: Ուրֆայից մոտ 17 կմ դեպի արեւելք գտնվող այդ վայրում տարիներ շարունակ հետազոտություններ անելուց հետո գերմանացի հնագետ Կլաուս Շմիդտը եկել է այն եզրակացությանը, որ տաճարը կառուցվել է քարի դարում: Մինչ այս ամենահին տաճարը համարվել է Ք.ա. 5-րդ հազարամյակում Մալթա կղզում կառուցված տաճարը, այնինչ` Խառանինը դրանից 5000 տարով ավելի հին է:
Տաճարից քիչ հեռու Խառանի բնակավայրն է, որտեղ դեռեւս բրոնզե դարից այս կողմ մարդիկ ապրում են բրգանման կառուցվածքով հողաշեն տներում. հիմնականում արաբներ են, ավելի քիչ` թուրքեր ու քրդեր: Տեղաբնակ Հալիլն ասում է, թե Խառանում 380 տուն կա եւ մոտ 10 հազար բնակիչ:
Վերջերս տաճարի ամենահինը հռչակվելուց հետո կառավարությունը որոշակի քայլեր է ձեռնարկել այստեղ զբոսաշրջությունը զարգացնելու համար: Այժմ տաճարի այցելուները քայլում են նաեւ դեպի հողաշեն տները: Տեղաբնակաները, հասկանալով, որ կարելի է փող աշխատել տուրիստական այցելություններից, իրենց տները դարձրել են թանգարանատիպ վայրեր եւ իրենք էլ տեղափոխվել են տաճարից ավելի հեռու տներ:
Հալիլի տունը, որտեղ ինքն ապրել է քառասուն տարի, 250 տարի առաջ է կառուցվել: Այստեղ ամռանը զով է լինում, ձմռանը` ցուրտ: Հալիլը պատմում է, թե այս տներից աշխարհում երեք տեղ կա` Խառանում, Սիրիայում եւ Իտալիայում: Եվ եթե Սիրիայի եւ Խառանի տներում մարդիկ իսկապես ապրում են, ապա իտալական տները միայն տուրիստներ գրավելու համար են. մի իտալացի է դրանք կառուցել` 1951 թվականին Խառան այցելելուց հետո:
Հալիլի տունը տասնութ սենյակ ունի` մեկը ամուսնությունից առաջ հարսին ու փեսային զարդարելու համար է, մյուսը` նորապսակների, երրորդը` խաղասենյակ, չորրորդը` հյուրասենյակ ...
Առաջին սենյակում արաբ տղան զբոսաշրջիկներին հարս ու փեսայի պես զարդարում է փայլփլուն, գույնզգույն շորերով ու փող վերցնում: Հստակ գներ չկան` ով ինչքան կտա: Հետաքրքիրն այն է, որ այնքան հմտորեն են զբոսաշրջիկներին առաջարկում հագնել դրանք, որ սկզբում գլխի էլ չես ընկնում, որ ծառայությունը վճարովի է: Փոքրիկ խորամանկություն է: Բայց պարզվում է, որ բոլորի համար չէ վճարովի: Ընկերներիցս մեկին աշխատողն ասաց, թե արաբի է նման ու փող չվերցրեց:
Տարվա մեջ մոտ տասը հազար զբոսաշրջիկ է գալիս այստեղ, թե ով ինչ ազգի է լինում, Հալիլին առանձնապես չի հետաքրքրում: Բայց երբ իմանում է, որ մենք հայ ենք, անմիջապես հիշում է իր հսկայական մատուցարանները: Դրանք մի քանիսն են` տուն-թանգարանի տարբեր սրահներում ցուցադրված: Առաջինի վրա շրջանաձեւ նախշեր են, որոնց վրա պատկերված են ձկներ, ինչը վկայում է դրանց` քրիստոնյայի պատկանելու մասին:
Հալիլն ասում է, թե այդ մատուցարանները Ուրֆայից են բերվել ու հարյուր տարուց ավելի շատ պատմություն ունեն, իսկ թե ո՞վ է բերել, ինչպե՞ս է իրեն հասել, չի պատասխանում: Այլ հյուրեր էլ ունի, շտապում է:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Խառան