Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ մայիսի 4-ին զորքերի շփման գծում նախատեսվում է մոնիտորինգի անցկացում։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը, հիմնականում` դիպուկահարներ, ինտենսիվորեն գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերը, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր է տվել։ Զինադադարի խախտման ու դրա հետևանքների շուրջ «Կապիտալը» զրուցել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանի հետ։
- Պարոն Սարգսյան, ըստ Ձեզ՝ շփման գծի ակտիվացումը ինչո՞վ է պայմանավորված։
- Դիվանագիտական հարաբերությունների այն կառուցվածքը, որը գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, թույլ է տալիս Ադրբեջանին իր քաղաքականության մեջ օգտագործել «ռազմական դիվանագիտություն» ասվածը։ Նրանք չեն էլ թաքցնում, որ հրադադարի խախտման դեպքերը նպատակաուղղված են, որով փորձում են ազդեցություն ունենալ բանակցային գործընթացի վրա։ Խնդիրն այն է, որ հայկական կողմը պետք է փոփոխություն մտցնի Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների սխեմայի միջև և պետք է փոխի բանակցությունների փիլիսոփայությունը։
Քանի դեռ սա չի արվել, բոլոր քայլերը, որոնք արվում են ի պատասխան ռազմական ագրեսիայի՝ կրակոցների, հռետորաբանությանը և այլն, կետային լուծումներ են և որոշ ժամանակ հետո կորցնում են իրենց ազդեցությունը, որի հետևանքով սահմանին գրանցվում են նոր զոհեր։ Ես կարծում եմ՝ որպես հարցի լուծում՝ պետք է բանակցային հանդիպումները պայմանավորել շփման գծի իրավիճակով։ Այսինքն՝ հայկական կողմը պետք է իրավիճակը շփման գծում դնի որպես առաջնային նախապայման՝ ասելով, քանի դեռ Ադրբեջանը չի վերանայել իր պահվածքը, բանակցությունները շարունակելն անիմաստ է։ Ահա սա է, որ չի արվում։
- Չե՞ք կարծում, որ դա կլինի մարտահրավեր՝ նետված հենց բանակցային գործընթացին։
- Ոչ, դա այդպես չէ։ Տեսե՛ք, ամեն հանդիպումից հետո ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունը։ Հիմա ես չեմ հասկանում, ինչո՞ւ Ադրբեջանի կողմից արված քայլերը չեն դիտվում որպես մարտահրավեր, իսկ հայկական կողմի յուրաքանչյուր քայլ կանխվում է, ինչ է թե՝ չվնասվի բանակցային գործընթացը։ Ավելին՝ Հայաստանը ցուցաբերում է անսկզբունքայնություն, չի աշխատում Ադրբեջանի թույլ տված սխալների վրա, և դրանք որպես առանձին խնդիրներ չեն դրվում քննարկման միջազգային ատյաններում կամ Մինսկի խմբում։
Այսպիսով՝ երբ ասում եմ, որ պետք է դնել նախապայման, նկատի չունեմ դուրս գալ բանակցային գործընթացից կամ արգելակել այն, այլ պետք է ամեն մի հրադադարի խախտման դեպք, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունից ամեն մի շեղում դարձնել առանձին քննարկման թեմա։
- Այսինքն՝ Դուք շփման գծում լարվածության սրումը համարում եք դիվանագիտական թերի աշխատանքի հետևա՞նք։
- Մինչև չգտնվի մեխանիզմ, որն Ադրբեջանին ստիպի հրաժարվել ռազմական դիվանագիտությունից, մենք շփման գծում ունենալու են զոհեր։
- Ստեփանակերտում գործող Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ վերջերս շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվության նկատմամբ հայկական կողմի մոտեցումները ոչ ադեկվատ են։ Իսկ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Դավիթ Կարապետյանն ասել էր, թե «ադրբեջանական կողմի սադրանքները երբեք անպատիժ չեն մնացել»։ Ձեր դիտարկումը։
- Իհարկե, ես համաձայն եմ Մայիլյանի դիտարկմանը։ Ամեն հայ զինվորի մահ պետք է Ադրբեջանի համար դառնար քաղաքական և դիվանագիտական այնպիսի մի մեծ խնդիր, որ նա ամեն անգամ մտածեր՝ արժե դա անել, թե ոչ։ Ինչ վերաբերում է պաշտպանության նախարարության հայտարարությանը, ապա եթե այդ պատասխան հարվածներով հնարավոր լիներ հարցը լուծել, շատ լավ կլիներ, սակայն կրակին կրակով պատասխանելով՝ հարցը չի լուծվում կամ լուծվում է ժամանակավորապես։
Տեսե՛ք, բավական բարձր մակարդակով հայկական կողմը հայտարարեց, որ պայքար է սկսելու ադրբեջանական դիպուկահարների դեմ, սակայն չսկսեցին։ Այ եթե սկսեին, ապա դա կլիներ ոչ թե ադրբեջանական կողմի արձակած գնդակի պատասխանը, այլ մեծ քաղաքականություն ադրբեջանական ռազմական տեռորի դեմ։ Նման քայլից հետո, համոզված եմ, դիպուկահարը կվախենար կրակել։ Հայտարարեցին, հայտարարեցին ու որևէ բան չարեցին։ Ասածս սա է, որ վաղուց ժամանակն է լուրջ քայլեր ձեռնարկելու, ոչ թե միայն հայտարարել։
- Որքանո՞վ է մեծ հավանականությունը, որ սահմանագծի լարվածությունը վերածվի լայնածավալ պատերազմական գործողությունների։
- Կրակոցներից պատերազմ չի սկսվում։ Պատերազմի որոշումը ռազմի դաշտում չէ, որ կայացվում է, այդ որոշումը գալիս է այլ ոլորտից։ Ավելին՝ եթե այդ որոշումը Ադրբեջանը կարողանար ընդունել միայնակ, հնարավոր է, որ պատերազմը սկսվեր շատ վաղուց։ Սակայն բոլորը հասկանում են, թե ինչով է սովորաբար ավարտվում այսօր պատերազմը։ Այսօր անգամ ներքին պատերազմներն ընթանում են միջազգային հանրության միջամտությամբ։ Ալիևը սա նույնպես գիտակցում է և գնում է ոչ թե պատերազմ սկսելու, այլ պատերազմի շանտաժի ճանապարհով։ Սահմանագծին տեղի ունեցող զինավարժությունները, հրադադարի խախտման դեպքերը պատերազմի շանտաժ են, որի նպատակն է ահաբեկել, ստիպել հայկական կողմին գնալ զիջումների։
- Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի արձագանքը ադրբեջանական շանտաժին։
- Բացասական, քանի որ Մինսկի խմբի՝ հարցի կարգավորման մոդելն իր մեջ պարունակում է ադրբեջանական շանտաժ։ Խոսքը Մադրիդյան սկզբունքի մասին է, որում բավական հստակ շարադրված է Հայաստանի կողմից արվող զիջումների հերթականությունը։ Ե՛վ Մինսկի խմբի մոտեցման, և՛ Մադրիդյան սկզբունքների մեջ Արցախի ժողովրդի իրավունքի մասին խոսք չկա։
- Բայց Մինսկի խմբի համանախագահները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ հարցը պետք է կարգավորվի տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու սկզբունքի հիման վրա։ Ինչի՞ց ելնելով եք պնդում, որ բանակցությունները ընթանում են ոչ Արցախի ժողովրդի իրավունքի ճանաչման շուրջ։
-Այո, ասում են, սակայն որտե՞ղ է դա երևում, նրանք դա ճանաչե՞լ են, ո՛չ։ Ամեն բանից առաջ այդ իրավունքը պետք է ճանաչվի, Հայաստանն անգամ դա չի ճանաչում, էլ ինչի մասին է խոսքը։ Այսօր որևէ մեկը չի բարձրաձայնում, որ կա մի ժողովուրդ, որի իրավունքները ոտնահարվել են, որի հետևանքով էլ առաջ է եկել ղարաբաղյան հակամարտությունը։ Փոխարենն այսօր Արցախին անգամ մոտիկ չեն թողնում բանակցային գործընթացին։ Ավելին՝ 1991թ. դեկտեմբերի 21-ի ԱՊՀ պայմանագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որով և ստեղծվել է այս հսկա թնջուկը։
-Այսինքն՝ Դուք որպես հարցի լուծում առաջարկում եք, որ Հայաստանն Արցախին վերադարձնի բանակցային սեղանի շո՞ւրջ։
-Նախ և առաջ՝ Արցախը պետք է խոսի այդ մասին։ Նա պետք է ասի, որ մինչ օրս բոլորը ոտնահարել են իր ինքնորոշման իրավունքը՝ խախտելով միջազգային իրավունքը։ Սակայն այսօր Արցախը լռում է, քանի որ ճզմել են և չեն թողնում՝ բերանը բացի։ Համոզված եմ, որ հենց Արցախը հայտարարի իր ոտնահարված իրավունքի մասին, Մինսկի խմբի այսօրվա սկզբունքները կդառնան անպետք թուղթ։
-Ամեն դեպքում, այս պահին կա բանակցային գործընթաց, որը պատերազմի միակ այլընտրանքն է։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ազդեցություն է ունենում Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ահաբեկչությունը հենց բանակցային գործընթացի վրա։
-Շատ բան կախված է հայկական կողմից. եթե Հայաստանը շարունակի, ինչպես մեր պատկան մարմիններն են ասում, հավատարիմ մնալ բանակցային գործընթացին, ապա տեռորը կշարունակվի։ Ես միշտ ասել եմ, որ եթե ստեղծվում է մի վիճակ, որը ձեռնտու չէ հայկական կողմին, պետք է ամեն բան արվի, որպեսզի վիճակը փոխվի: Սակայն այսօր տեղի է ունենում ճիշտ հակառակը՝ մերոնք ամեն բան անում են ստեղծված իրավիճակին հարմարվելու համար։ Մերոնք այսօր շատ լավ հասկանում են, որ Մինսկի խմբում հարցը չի կարգավորվում, սակայն ամեն օր հայտարարում ենք, որ հարցը պետք է կարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում։ Մենք սարսափում ենք փորձել հարցը կարգավորել այլ հարթություններում, այլ ձևաչափերով, այլ փիլիսոփայությամբ։