կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-29 07:02
Առանց Կատեգորիա

Ադրբեջանի "սուպերսեւ" ցուցակը

Ադրբեջանի "սուպերսեւ" ցուցակը

Ինչպես հայտնի է, Ադրբեջանը մանրակրկիտ մոնիտորինգի է ենթարկում  քաղաքական, գիտության եւ մշակույթի գործիչների` Լեռնային Ղարաբաղ այցելությունները: Հայաստանի տարածքով Արցախ այցելած մարդկանց ընդգրկում են պերսոնա նոն գրատաների սեւ ցուցակում, որում, ըստ որոշ տվյալների, արդեն 10000 մարդ է գրանցված` աշխարհի 70 երկրներից:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, վերջերս հայտնի է դարձել, որ Ադրբեջանում «սուպերսեւ» ցուցակ էլ կա, որի մասին Բաքուն չի շտապում բարձրաձայնել: Դրանում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ են, որոնց այս կամ այն պատճառով հարամրում են հայրենիքի դավաճաններ:

Թերթի տվյալներով` այդ ցուցակում են հայտնվել Նիժնի Նովգորոդի ադրբեջանական սփյուռքի ղեկավար Վիդադի Աբասովը, որը միջոցառումներից մեկի ժամանակ «իրեն թույլ էր տվել» ծափահարել հայկական պարային խմբին եւ մոսկվահայ հեղինակների «Ընդհատված երգը» ֆիլմում նկարահանված ադրբեջանցի դերասան Արիֆ Ջավադովը:

Հավանորեն շուտով այդ ցուցակը կհամալրի ռուսաստանյան Տվեր քաղաքի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ Ֆայազ Փաշաեւը, որը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, «ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, չի հարգում թուրքական դրոշը» եւ այլն:

Ապրիլի 24-ին Տվերի ադրբեջանցիների մի խումբ, թափահարելով Թուրքիայի դրոշը, պնեւմատիկ զենքից կրակել է հայկական եկեղեցու մոտ հավաքված հայերի վրա: Այդ կապակցությամբ տեղի է ունեցել երկու համայնքների ներկայացուցիչների հանդիպում, որոնք հայտարարել են, թե հայկական ու ադրբեջանական համայնքների միջեւ որեւէ հակամարտություն չկա: Հավանորեն, այդ հայտարարությունն է պատճառ դարձել, որ Փաշաեւին մեղադրեն Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին դավաճանելու մեջ: