կարևոր
2011 դիտում, 8 ամիս առաջ - 2023-09-12 18:26
Քաղաքական

Ավտոմեքենաների վերարտահանմամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են. Թադևոս Ավետիսյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Թադևոս Ավետիսյանի հայտարարությունը՝ ԱԺ ամբիոնից.

«Սիրելի հայրենակիցներ, Արդեն շուրջ չորս ամիս է՝ ավտոմեքենաների վերարտահանմամբ զբաղվող բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են հարկային մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ապօրինի գործողությունների և անգործության մասին։ Ավելի կոնկրետ՝ ՀՀ ՊԵԿ-ը անթաքույց կերպով իրականացնում է հարկային ահաբեկչություն այս ոլորտում փոքր և միջին բիզնեսով զբաղվող բազմաթիվ տնտեսվարողների նկատմամբ։

 Ընթացիկ տարվա մայիսից ԵԱՏՄ անդամ երկրներ ավտոմեքենաների վերարտահանմամբ զբաղվողներին չեն վերադարձնում ավելացված արժեքի հարկը։ Սա անում են՝ առանց իրավական որևէ հիմքի, առանց նախապես զգուշացնելու, ԵԱՏՄ գործող բազմակողմ կարգավորումների անտեսմամբ։ Ավելին՝ հարկային այս տեռորը իրականացնում են որոշ բացառություններով։ Կան արտոնյալներ, որոնք առանց սահմանափակման հետ են ստանում իրենց հասանելի գումարները։ Հարկային այս տեռորն ունի հետևյալ մեխանիզմը՝ ավելացված արժեքի հարկի հետ վերադարձի հայտ ներկայացրած տնտեսվարողների մոտ հարկային մարմինները նախաձեռնում են ստուգումներ, կասեցնում են հարկի հետ վերադարձը և անկախ արդյունքներից, առանց որևէ հիմնավոր պատճառի, անվերջ ձգձգում են այդ գործընթացը։ Կամ առաջարկում են «փայ մտնել»՝ հետ վճարել այդ գումարների մի մասը, եթե տնտեսվարողը հրաժարվի մյուս մասի նկատմամբ պահանջից։ Փաստորեն, տնտեսվարողներին նաև հնարավորություն չեն տալիս՝ դատական կարգով վիճարկելու հարկային մարմնի ապօրինի գործողությունները։ Հետևանքը չի ուշանում։ Բազմաթիվ տնտեսվարողներ կանգնած են սնանկացման եզրին՝ կորցնում են իրենց օրինական եկամուտները, չեն կարողանում պատշաճ կատարել ֆինանսական պարտավորությունները, պետական բյուջեն կորցնում է հարկային օրինական մուտքերը, իսկ աշխատողներն էլ՝ իրենց աշխատանքը։ Զուգահեռաբար, օրվա իշխանություններն առիթը բաց չեն թողնում՝ պարծենալու, որ առանց ուշացումների հետ են վերադարձնում ավելացված արժեքի հարկի գումարները։ Բերեմ թարմ օրինակ։ Օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով ընդունելության էր եկել հենաշարժական խնդիրներ ունեցող քաղաքացի։ Մարդը «ուղեղից հանել էր աղքատությունը», բնակարանը գրավադրել և վարկային միջոցներով զբաղվում էր տնտեսական այս գործունեությամբ։ Այսինքն, իր ընտանիքը՝ երեք երեխաներով, պահել է սեփական աշխատանքով, ոչ թե նպաստով։ Արդեն շուրջ հինգ ամիս հարկային մարմինը չի վերադարձնում նրան հասանելիք ութ միլիոն դրամի չափով ավելացված արժեքի հարկի գումարը։ Առաջարկում են հրաժարվել հինգ միլիոնից և ստանալ հասանելիքից միայն երեք միլիոն դրամը։ Հակառակ դեպքում՝ չեն վճարի ամբողջը։ Փաստորեն, առողջական խնդիրներ ունեցող քաղաքացին հարկային տեռորի հետևանքով կորցրել է իր օրինական բիզնեսը, եկամտի միակ աղբյուրը և չի կարողանում մարել վարկային պարտավորությունները, որի հետևանքով էլ արդեն կորցնում է իր բնակարանը, իսկ նրա հինգ անձից բաղկացած ընտանիքը հայտնվելու է աղքատության ճիրաններում»։