կարևոր
2881 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-29 09:10
Քաղաքական

Աննա Հակոբյանին կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել․ «Հրապարակ»

Աննա Հակոբյանին կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արցախում ամիսներ շարունակ շուրջ 120 հազար մարդ գտնվում է գերության մեջ, սովամահության շեմին, ՀՀ վարչապետն ու իր ընտանիքի անդամները շարունակում են փառատոններ ու տոնական տրամադրություն ցուցադրել: Շաբաթ-կիրակի օրերին վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Սյունիքի մարզում էր։

Մեզ ասացին՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ նա պետք է մասնակցի միայն Բնունիս համայնքում հյուրատան բացմանը, որը կառուցվել է 44-օրյա պատերազմի հերոս Էդգար Մարգարյանի հիշատակին եւ կոչվում է «Էդգարի տուն», սակայն Հակոբյանը, տեղեկանալով, որ շաբաթ օրը Սիսիանում «Ֆեստիվառ» է լինելու, այդ միջոցառմանն էլ է մասնակցել։ Մարզից տեղեկացանք, որ նրան կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել` դիմավորել են մարզպետն ու կինը, ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Սիսիանի  համայնքապետ Արմեն Հակոբջանյանը:

Վերջինս հետո խիստ զղջացել է, որ, ի տարբերություն մյուս դիմավորողների, Աննա Հակոբյանին ծաղիկներով չի դիմավորել: Ասել է, թե տեղյակ չի եղել, որ արարողակարգը նման բան է թույլ տալիս, թե չէ իր ծաղկեփունջն անգերազանցելի կլիներ։ Երեւանից Սիսիան է շտապել ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը, որ պատիվ տա տիկնոջը, եւ համերգից հետո նրան հրավիրել է իր աներոջը պատկանող «Խնձորի այգի» ռեստորան։

Կիրակի օրը` «Էդգարի տան» բացմանն էլ պակաս տոնական մթնոլորտ չի եղել: Մեզ պատմեցին, որ Բնունիսում զոհվածի զինծառայողի մայրը` Արսինե Սահակյանն է առաջարկել Աննային՝ պարել իրենց հետ։ Հակոբյանը գիշերել է Հալիձորի «Հարսնաձոր» հյուրանոցային համալիրում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում