կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-25 12:31
Իրավական

Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու որոշումը

Դատախազությունը կբողոքարկի Շուշանիկ Բախշյանին ազատ արձակելու որոշումը

ՀՀ գլխավոր դատախազություննն այսօր ստացել է ծննդկանի մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործը և 10-օրյա ժամկետում կբողոքարկի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով անօրինական էր համարել «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ Շուշանիկ Բախշյանի նկատմամբ ներկա պահին հնարավոր չէ որևէ քննչական գործողություն իրականացնել, քանի որ, ըստ բժիշկների, նա ի վիճակի չէ մասնակցելու որևէ քննչական գործողության:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել էր քննիչին` ազատ արձակել ձերբակալված Շուշանիկ Բախշյանին, ինչից հետո նրան շտապօգնության բրիգադով տեղափոխել էին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց: «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանի խոսքով՝ Բախշյանի մոտ գրիպ է ախտորոշվել, և նա մի քանի օր պետք է հիվանդանոցային բուժում ստանա: 

Նշենք, որ, օրենքով նախատեսված կարգով, պետք է որոշվի Բախշյանին մեղադրանք առաջադրելու հարցը:

Հիշեցնենք, որ դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: