կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-25 11:24
Հասարակություն

Իմ աղջկան 38,5 ջերմությամբ չհոսպիտալացրեցին, իսկ Շուշանիկ Բախշյանին անմիջապես տարան հիվանդանոց. Վաղինակ Մարգարյան

Իմ աղջկան 38,5 ջերմությամբ չհոսպիտալացրեցին, իսկ Շուշանիկ Բախշյանին անմիջապես տարան հիվանդանոց. Վաղինակ Մարգարյան

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող` «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի մոտ, ով հունվարի 23-ին դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել, կասկածում էին խոզի գրիպ, սակայն ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը, անձամբ այցելելով Շուշանիկ Բախշյանին, ասել է, որ նրա մոտ չկա խոզի գրիպ, պարզապես սովորական գրիպ է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մերի Մարգարյանի հայրը` Վաղինակ Մարգարյանը: Նա համոզված է` Բախշյանն ու Ասոյանը մտերիմ հարաբերություններ ունեն, և բժշկուհու հոսպիտալացվելը բեմադրություն է:

«Ախր, էդ ամեն ինչը բեմականացում է: Հետնամուտքից բժշկուհու մոտ գնալը, նրան հոսպիտալացնելը և այլն… Այս ամենը ամբողջությամբ բեմադրություն է: Իմ աղջիկն ու թոռը հենց այնպես մահացան: Ես մինչև վերջ եմ պայքարելու, մինչև Եվրադատատարան էլ կգնամ: Պետք չէ, թող Շուշանիկ Բախշյանն իր մեղքը չընդունի, թող մեղմացուցիչ հանգամանքներ նրա համար չլինեն: Իմ աղջիկը 38,5 ջերմություն ուներ մի քանի օր, նրան չհոսպիտալացրեցին, իսկ Շուշանիկ Բախշյանը մի թեթև հիվանդացավ, ջերմությունը 38,5 դարձավ, անմիջապես տարան հիվանդանոց»,- ասաց Մերի Մարգարյանի հայրը:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 23-ին պարտավորեցրել էր քննիչին` ազատ արձակել նախօրեին ձերբակալված Շուշանիկ Բախշյանին, ով կասկածվում է ծննդկան Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր մահվան մեջ: Նշենք նաև, որ, ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է: