Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում իր հայտնաբերած խախտումներին: Նա, մասնավորապես, ուսումնասիրել է ուսուցիչներին տրվող պարգևավճարները և դպրոցի աշխատավարձերի հաշվառման մատյանում՝ տարիֆիկացիայում, եղած ինֆորմացիան: Բախշյանի հավաստմամբ` դպրոցի կառավարման խորհրդի որոշմամբ` պարգեւատրվել են մարդիկ, ովքեր տարիֆիկացիոն մատյանում գրանցված չեն:
«2014 թվականին 5 մլն գումար է հատկացվել պարգևավճարների համար, ընդ որում` պարգևատրում եղել է երկու անգամ` համապատասխանաբար, 45 եւ 20 մանկավարժական աշխատողներ` 80 000-ական դրամներով: Ընդ որում` երկու ցուցակներում պարգևատրվածներից 16 հոգու անուն կրկնվում է: Ուշագրավ է այն հանգամանքը, որ տարիֆիկացիոն մատյանում պարգևատրվածներից 6-ի անունը չկա, այսինքն` 6 մարդ աշխատավարձ չի ստանում, դպրոցի աշխատող չէ, բայց պարգևատրում է ստանում»,- ասաց Բախշյանը:
Նա հայտնեց նաև, որ դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել, հիմա էլ հովանավորներ ունի, ուստի պետք չէ զարմանալ, թե որտեղից դպրոցին այդքան գումար:
Yerkir.am-ի հետ զրույցում թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը նշեց, որ յուրաքանչյուր դպրոց ուսումնական տարվա սկզբին ներկայացնում է իր նախահաշիվը, որտեղ էլ հաստատված է լինում պարտգևավճարի համար նախատեսված գումարը: Տիկին Ազիզյանը, այնուամենայնիվ, խուսափեց հրապարակել 2015-ին նախատեսված պարգևավճարների գումարի մոտավոր չափը:
«Պարգևատրումներ լինում են բոլոր դպրոցներում, և պարգևավճարներ տրվում են այն մարդկանց, ովքեր արժանի են: Ինչ վերաբերում է հարցին, որ 16 անուն կրկնվում է ցուցակներում, պետք է ասեմ, որ գործատուն ինքն է որոշում` ում պարգևատրել և ինչու: Այո, մարդը կարող է պարգևատրվել մի քանի անգամ, այստեղ ոչ մի վատ բան չկա, և ոչ էլ օրենք ենք խախտում»,- ասաց դպրոցի տնօրենը:
Նա անդրադարձավ նաև Բախշյանի հիշատակած 6 անձանց, որոնք պարգևատրվել են, բայց չկան տարիֆիկացիոն մատյաններում: Ըստ տնօրենի` խոսքը ոչ թե 6, այլ 4 հոգու մասին է, որոնցից 2-ը ֆիզարձակուրդ են գնացել, մեկն ամուսնացել է, իսկ մյուսը` փոխել ազգանունը:
Ինչ վերաբերում է հարցին, որ ինքը նախագահի համակուրսեցին է և ունի հովանավորներ, Ազիզյանը նշեց, որ չկա նման բան: «Եթե ինձ հովանավորեին` դուք այսօր այստեղ չէիք լինի, որովհետև Բախշյանն այնքան սխալ ինֆորմացիա է տվել ամեն տեղ, որ իրեն ուղղակի կասեին` տիկի'ն, այս սխալ ինֆորմացիայով ո՞ւր եք գնում: Ես խորհրդակցել եմ մեր իրավաբանի հետ, ով ինձ ասաց, որ Բախշյանն իրավունք չուներ այդ փաստաթղթերն ունենալ անգամ, ինչի հետ կապված` ես պատրաստվում եմ համապատասխան քայլերի դիմել»,- ասաց նա:
Հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ հաջորդ հանդիպումը կլինի իրավական ոլորտում, տիկին Ազիզյանը պատասխանեց` այո:
Դեպքի հետ կապված մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:
Կարինե Հարությունյան