Այսօր Ստեփանակերտում տեղի ունեցավ ջրամատակարարման 8-րդ գոտու եւ 6-րդ գոտու առաջին մասի ենթակառուցվածքների շահագործման հանդիսավոր արարողությունը: Այժմ արդեն մշտական ջուր կունենան մայրաքաղաքի եւս 30-ից ավելի փողոցների բնակիչներ:
Ստեփանակերտի որոշ թաղամասեր արդեն շուրջօրյա ջուր ունեն. մայրաքաղաքի 9-րդ դպրոցի հարակից թաղամասերի բնակիչներն արդեն երկրորդ տարին է մոռացել են երկժամյա ջրամատակարարման մասին:
Մշտական ջրամատակարարումը սակայն բավարար չէ նորմալ ջուր ունենալու համար. այստեղ միշտ էլ ջրի որակի խնդիր է եղել: Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը հավաստիացնում է, որ ջրամատակարարման ենթակառուցվածքների վերականգնումը հնարավորություն կտա ունենալ որակով ջուր:
Իսկ մինչ այդ, Ստեփանակերտում շարունակում են կատակել. նույնիսկ կես-կատակ կես-լուրջ հիշում են, որ արտասահմանցիները տեսնելով այստեղի խմելու ջուրը միշտ նշում են, որ այն պիտանի չէ նույնիսկ լողանալու համար:
Մայրաքաղաքում դեռեւս ընդունված է խմելու ջուր կրել քաղաքի որոշ թաղամասերի աղբյուրներից, որոնց մոտ, ի դեպ, պատերազմի տարիներին հերթեր էին գոյանում, քանի որ քաղաքի ջրամատակարարման ցանցն էլ չէր աշխատում: