Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թեեւ երեկ արդեն սոցիալական ցանցերը եւս ողողված էին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Սերժ Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանի միջեւ տեղի ունեցած սկանդալային պատմության մասին մանրամասներով ու թեժ քննարկումներով, բայց նախագահական նստավայրից այդպես էլ որեւէ պարզաբանմամբ հանդես չեկան:
Իսկ սկանդալային պատմությունը եղել է այսպես. դեկտեմբերի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում կայացավ աշխարհահռչակ իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի համերգը, որին ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Համերգի հրավիրատոմսերը պաշտոնյաներին բաժանել է մշակույթի նախարար Հ.Պողոսյանը: Հրավիրվածների թվում է եղել նաեւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ տիկնոջ հետ: Բեգլարյանը, սակայն, համերգի չի գնացել: Փոխարենը գնացել է նրա տիկինը՝ ընկերուհու հետ: Բեգլարյանի տիկինը նստել է հենց այն աթոռին, որի անմիջապես կողքը պետք է նստեր Սերժ Սարգսյանը: Եվ քանի որ, ըստ արարողակարգի, Սարգսյանի կողքը կարող են նստել Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ԱԺ նախագահը, Ս. Սարգսյանի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանը մոտեցել է Բեգլարյանի տիկնոջը եւ խնդրել նրան ընկերուհու հետ մեկ աթոռ հեռու նստել: Պարզվում է, սակայն, այդ խնդրանքը խիստ վիրավորել է տիկնոջը, եւ նա այդ կապակցությամբ, ըստ սոցցանցերում տեղակայված լուրերի, բողոքել է ամուսնուն: Բեգլարյանն էլ, ինչպես ոչ պաշտոնապես փոխանցեցին նախագահական նստավայրից, Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին խնդրել է հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ: Հանդիպումը Կարապետյանը կազմակերպել է՝ թերեւս չկասկածելով, թե ինչ հետեւանք այն կարող է ունենալ: Բեգլարյանը, ըստ շրջանառվող տեղեկությունների, իր մեքենայի մեջ հարվածել է Կանդայանի դեմքին՝ նետելով՝ «դու ո՞վ ես, որ իմ կնոջն ասես, թե ուր նստի»: Այնուհետեւ Երեւանի քաղաքապետը Արամ Կանդայանին տարել է իրեն պատկանող «Մետաքս» գործարան, որտեղ էլ դաժան ծեծի է ենթարկել նրան: Մենք տեղեկություններ ունենք, որ Կանդայանի դեմքը «այլանդակված» է: Ծեծի մասին վերջինս տեղյակ է պահել Սերժ Սարգսյանի փեսային եւ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանին: Միջադեպի մասին իմացել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նշվում է, որ տեղեկությունը նրան այնքան է զայրացրել, որ վատ տրամադրությունը զգացել են անգամ նախօրեին նրա հետ հանդիպման գնացած Հանրային խորհրդի անդամները: Սարգսյանը, նախ, լուտանքներ է տեղացել Կարեն Կարապետյանի հասցեին՝ իր աշխատակազմի անդամին պաշտպանել չկարողանալու համար: Կարապետյանը ներողություն է խնդրել եւ ասել, թե պատրաստ է հրաժարական տալ իր այդ սխալի պատճառով: Երեկ համառ լուրեր էին շրջանառվում, թե Կարեն Կարապետյանն արդեն հրաժարականի դիմումը գրել է: Ս. Սարգսյանի լրատվական ծառայությունից, սակայն, մեզ փոխանցեցին, թե նման փաստաթուղթ նախագահի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման թղթաշրջանառության մեջ չկա: Իրականում, ինչպես մեզ հայտնի դարձավ, երեկ մինչեւ ուր երեկո սույն թեմայով քննարկում էր տեղի ունենում Բաղրամյան 26-ում: Կարապետյանը կարծես թե հրաժարական չի տա: Ինչ վերաբերում է Գ.Բեգլարյանին, նա արդեն մի քանի օր է, սարսափելի անհարմար վիճակում է: Նախագահական նստավայրից կրկին ոչ պաշտոնապես հաստատեցին, որ Սերժ Սարգսյանը հրաժարվում է ընդունել եւ լսել Բեգլարյանին, քանի որ խիստ վիրավորված եւ վրդովված է: