Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բուենոս Այրես նահանգի Կիլմես քաղաքի ավագանին որոշում է կայացրել միանալ 2006թ. դեկտեմբերի 13-ին Արգենտինայի Ազգային կոնգրեսի ընդունած 26.199-րդ օրենքին, որով Ապրիլի 24-ը` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, հռչակվեց «Հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր»: Ավագանու հատուկ նիստին ներկա էին Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Հայ Առաքելական եկեղեցու, Բուենոս Այրեսի հայկական կառույցների ու Կիլմեսում բնակվող մոտ 150 հայ ընտանիքների ներկայացուցիչներ, մտավորականներ, «Խրիմյան» վարժարանի աշակերտներ, լրագրողներ:
Նախաձեռնության հեղինակը` ավագանու անդամ Դիեգո Բուֆֆոնին, ներկայացրեց Օսմանյան կայսրությունում հայերի դեմ գործած հանցագործության պատճառներն ու հետեւանքները: Նա ասաց, որ «հետագայում մարդկության դեմ հանցագործությունները կանխելու համար կարեւոր են երեք հիմնական պահանջներ՝ հիշողություն, ճշմարտություն ու արդարադատություն եւ այսօրվա միջոցառումը հենց այդ նպատակներն է հետապնդում:
Դ.Բուֆֆոնիի առաջարկությամբ ավագանին միաձայն որոշեց միանալ 26.199-րդ Ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը հռչակում է հանդուրժողականության եւ ժողովուրդների միջեւ հարգանքի օր` ի հիշատակ հայ ժողովրդի դեմ գործած ցեղասպանության»: Որոշման 2-րդ եւ 3-րդ հոդվածների համաձայն, Կիլմեսում բնակվող ազգությամբ հայ պետական պաշտոնյաները և մունիցիպալ դպրոցի աշակերտները ապրիլի 24-ին «ազատ են արձակվում ցեղասպանության հիշատակման միջոցառումներին մասնակցելու համար»: