կարևոր
430 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-02 23:12
Հասարակություն

Մեր հին ու բարի ընկեր Գեղամը, անիծյալ պատերազմում մեր գումարտակի առաջին զոհը. Արթուր Խաչատրյան

Մեր հին ու բարի ընկեր Գեղամը, անիծյալ պատերազմում մեր գումարտակի առաջին զոհը. Արթուր Խաչատրյան

Տնտեսագետ, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

«Պատերազմի այս օրը․․․․

Պատերազմի այս օրը զոհվեց Մուննաթը․․․

Մեր հին ու բարի ընկեր Գեղամը, ապրիլյան պատերազմի իմ հրամանատարը, անիծյալ պատերազմում մեր գումարտակի առաջին զոհը, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի նախագահը, Արցախի բոլոր պատերազմների մեր ընկերը։ Գեղամին միշտ կհիշեմ իր այցեքարտային «բեզ պանիկի» կոչով ու մեկ էլ, որ վրաս հա մուննաթ էր գալիս․ «խռացնում ես, քնել չի լինում»․․․

Պատերազմի այդ օրը Ստեփանակերտում էի։ Նախորդ օրը տղերքը շրջապատումից դուրս էին եկել։ Ճուտ Մհերի «բուխանկան» էին հասցրել Ստեփանակերտ։ Պետք էր մեքենան ու էլի տարբեր բաներ դիրքեր հասցնել։ Ասացի, ես կուղեկցեմ, տղերքին էլ կտեսնեմ։ «Երկիր Մեդիայի» Աբելի ու Մկրտչյան Արթուրի հետ ճամփա ընկանք։ Աբելն ու Արթուրը Աբելի մեքենայով էին։ Հասանք Ներքին Հոռաթաղ։ Սկսեցին ռմբակոծել։ Մեզ մի կերպ գցեցինք գյուղի դպրոցի շենք։ Միանգամից մի քանի զինվոր շրջապատեցին։ Ո՞վ եք, ու՞ր եք գնում։

Ակնհայտորեն լարված էին։ Հրամանատարի անունը Տոլիկ էր։ Ատամի ցավից էր բողոքում։ Մոտս դեղ կար։ Ես սեպտեմբերի 28-ին, երկուշաբթի օրը, ատամնաբույժի պիտի գնայի, բայց․․․․ Մի հաբ ինձ պահեցի, մնացածն իրան տվեցի։ Հիշում եմ, որ հարցրեց․ «Քեզ Ղարաբաղում ո՞վ է ճանաչում»։ Համբերությունս հատեց։ «Թեկուզ Արա Վլադիմիռովիչը (Արայիկ Հարությունյանը)»։ Վերջը համաձայնվեց Իշխանյան Դավիթին զանգել։ Համոզվեց, որ դիվերսանտ չեմ։ Իջանք դպրոցի նկուղ։ Տարիքով մարդիկ էին ու երեխեք։ Տատիկներից մեկը հավ էր փետրահան անում, դա հիշում եմ։ Ռմբակծությունը դադարեց։ Տոլիկը խորհուրդ տվեց հետ վերադառնալ։ Առջևում էլի ռմբակոծում էին։ Կապվեցի Սիմոնի հետ։ Ծնունդն էր։ Շնորհավորեցի։ Ձմերուկ էին ուտում։ Տղերքն այլ դիրք էին տեղափոխվելու։ Մեզ հրահանգեց շարժվել Մարտակերտ։ Գնալուց առաջ Տոլիկը մի կողմ կանչեց, թե բա կներես, դպրոցի մյուս նկուղում բան կար պահեստավորված։ Համարը տվեց, որ զանգեմ հենց հասնենք։ Համարը մինչև հիմա հեռախոսիս մեջ կա։ Պատերազմից հետո միշտ ցանկացել եմ զանգել, բայց ձեռքս չի գնացել․․․

Հասանք Մարտակերտ։ Էլի ռմբակոծություն․․․ Պատերազմի օրերին Մարտակերտից միշտ մի կադր էին ցույց տալիս՝ փողոցի մեջտեղում ռմբակոծությունից առաջացած ձագար՝ անձրևաջրով լցված։ Ձագարը մնացել էր, ջուր արդեն չկար։ Վազելով մեզ գցեցինք Մարտակերտի մեր կոմիտեության գրասենյակ։ Զանգեցի Սիմոնին ․․․ ու Սիմոնը պատմեց Մուննաթի մասին․․․․

Մարտակերտից վերադառնալիս մշուշի մեջ էի։ Միայն հիշում եմ, հայտնի ընկերության նկարազարդ փոքր տարողությամբ բեռնատար-սառնարանների շարասյունը։ Լուռ էինք։ «Ուրախ» բեռնատար-սառնարանները․․․ ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն․․․»։