կարևոր
1246 դիտում, 4 ժամ առաջ - 2026-07-13 21:27
Հասարակություն

Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո»

Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո»

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ հնարավոր է այժմ էլ առգրավեն վերջինիս պատկանող ձիերն ու փասիանները, այն դեպքում, երբ ձիերը ընտանի կենդանիներ են, իսկ փասիաններն ապրում են ազատության մեջ:

«Օրեր առաջ եկել էին և ցանկանում էին նման գործողություններ իրականացնել։ Բնականաբար, մեր գործընկեր փաստաբաններն առարկել են այդ գործողության դեմ՝ հաշվի առնելով, որ ձիերը ընտանի կենդանիներ են, և որևէ մեկը խնդիր չունի իր անձնական տարածքում ձիեր պահելու, հատկապես, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ և բավարար պայմանները։ Այդ օրը քննիչն արձանագրել է առգրավման անհնարինություն, բայց, այնուամենայնիվ, մենք որոշակի տեղեկություններ ու մտավախություններ ունենք, որ կարող է այդ գործողությունը կրկնվել։ Որևէ ստույգ բան այս պահին չենք կարող ասել։

Կարծում եմ՝ կփորձեն առգրավել նաև այլ կենդանիների, որոնք վայրի կենդանիների հետ կապ չունեն, օրինակ՝ փասիաններին, որոնք ապրում են լիովին ազատ և վանդակներում չեն պահվում։ Թե փասիաններին ինչպես են առգրավելու, ինձ համար մի փոքր անհասկանալի է»,- ասել է փաստաբանը։

Խաչատրյանը, անդրադառնալով նաև Ծառուկյանի վայրի կենդանիների առգրավմանը, հայտնել է, որ կոկորդիլոսները մինչև կենդանաբանական այգի տեղափոխվելն ավելի լավ պայմաններում են ապրել։

«Այդտեղ վայրի կենդանիներին առգրավել ու տարել են։ Օրինակ՝ 9 կոկորդիլոսին տարել ու տեղավորել են 2 կոկորդիլոսի համար նախատեսված վանդակներում։ Բայց հավաստիացնում եմ, որ այն վայրում, որտեղ նրանք նախկինում ապրել են, 100 անգամ ավելի լավ պայմաններ կային, և նրանց ավելի լավ էին խնամում ու կերակրում, քան կարող է այժմ իրականացվել կենդանաբանական այգում»,- ասել է փաստաբանը։