Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը` գլխավորությամբ խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի։
Մինչեւ սեպտեմբերի 6-ը տեւելիք այցելությունը նախաձեռնել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (Արևմտյան Եվրոպայի, Հայաստանի եւ Արցախի կառույցներ)։ Պատվիրակությանը ընկերակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի, Հայ Դատի գրասենյակի եւ ՀՅԴ «Նոր Սերունդ» երիտասարդական միության ներկայացուցիչները։
Այցելության նպատակն է նաև Արցախում ծանոթանալ իրավիճակին, շփվել Հայ Յեղափոխական Դաշնակցության Արցախի կառույցի եւ, ընդհանրապես, հասարակության տարբեր խմբերի հետ։
Պատվիրակությունն արդեն հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այսպիսի հանդիպումները դարձել են ավանդական. վերջին մեկ տարվա ընթացքում խորհրդարանական երեք մեծ պատվիրակություններ են այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ: Ֆրանսիական պատվիրակության պաշտոնական հանդիպումներին մասնակցում են ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը։
Բրյունո լը Ռուի գլխավորությամբ Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը Հայաստան էր այցելել նաեւ 2014թ. սեպտեմբերին, ՀՅ Դաշնակցության հրավերով` նշելու սոցիալիստական կուսակցության առաջնորդ, հայկական իրավունքների պաշտպան քաղաքական գործչի՝ Ժան Ժորեսի մահվան 100-րդ տարելիցը։
Բրյունո լը Ռուն այսօր լրագրողներին ասաց, որ ամեն տարի այդօրինակ պատվիրակություն կժամանի Հայաստան ու հանդիպումների շարք կանցկացնի:
Ինչ վերաբերում է ԼՂՀ նախատեսված այցին, նա նշեց, որ այցի նպատակն է տեղում շփվել ազգաբնակչության հետ, լսել նրանց, հասկանալ, ինչ խնդիրներ կան ու տեղում գնահատել իրավիճակը:
«Շատ լավ գիտեմ, թե որն է այս հիմնախնդրի հետ կապված գործընթացը, որը կարգավորվում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Նաև տեսնում եմ, որ ամեն անգամ, երբ առաջընթացի հույս են ունենում, այն չի գրանցվում, քանի որ կա մի կողմ, որն արգելափակում է այդ առաջընթացը: Ցավոք, դեռ տեղի են ունենում ռազմական գործողություններ: Եվ այս այցելության նպատակն է ուղերձ հղել, որ ժողովրդավարությունը և մարդու իրավունքները կարևոր են, և որ բոլորն են շահում, երբ այդ արժեքները կիրառվում են ու կյանքի կոչվում»,- ասաց ֆրանսիացի պատգմավորը` հավելելով, որ շատ են լսել այն արտահայտությունը, թե «չի կարելի չտեսնել այդ վայրը` Արցախը»:
«Մեր նպատակն է ոչ թե գնալ Արցախ` ինչ-որ բան թելադրելու, ինչ-որ բան ասելու կամ սադրանքներ անելու, այլ գնալ ու բարեկամական խոր կապեր հաստատել այնտեղի հետ: Մենք այդ հանդիպումների արդյունքները կներկայացնենք ՄԽ ֆրանսիացի համանախագահին»,- ասաց Բրյունո Լը Ռուն:
ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ այցելությունը դեպի Արցախ քաղաքական լուրջ նշանակություն ունի` ի նպաստ Հայաստանի, Արցախի ու Հայ Դատի:
«Բոլորն էլ գիտեն Ֆրանսիայում, որ այս պատվիրակությունն այստեղ է ու պետք է գնա Արցախ, ու պրոբլեմ չտեսան: Արցախ այցելությունը նպատակ ունի նպաստել ԼՂ հարցի կարգավորմանը: Բոլորս էլ ուզում ենք հասնել խաղաղության, և Ֆրանսիան ցանկանում է մասնակից լինել այդ խաղաղության հաստատմանը»,- ասաց նա: