կարևոր
1042 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-30 20:05
Քաղաքական

Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, որ ՀՀ-ում վերջնական բռնապետություն հաստատե՞ս. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, որ ՀՀ-ում վերջնական բռնապետություն հաստատե՞ս. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստումները և հույս ունի, որ 2026-ին կստանա ժողովրդի մանդատը:

Իսկ ի՞նչ տեղի ունեցավ 2021-ին. գործող իշխանությունը, ժողովրդին խոստանալով Հադրութի և Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդում, գործի դնելով վարչական ողջ ռեսուրսը, խաբեց, վերարտադրվեց ու արեց ամբողջությամբ հակառակը:

Հիմա նոր մանդատ ես ուզում, որ ի՞նչ անես։ Ինչու՞ պիտի այն քեզ տա ժողովուրդը։ Մանդատ ես ուզում, որ հիմա էլ Տիգրանաշե՞նը տաս, թե՞, ըստ քո հայտարարության, ՀՀ-ի տիրապետության տակ գտնվող «ադրբեջանական տարածքները» հանձնես։ Ու վերջում էլ փոխես Սահմանադրությունը և ՀՀ-ն վերածես թուրքական պրոտեկտորատի։ Մանդատ ես ուզում, որ ՀՀ-ում վերջնական բռնապետություն հաստատե՞ս, թե՞ սերունդների պարտքը եռապատկես:

Վստահ եմ՝ ժողովուրդը ամեն ինչ լավ հասկացել է արդեն և այլևս քեզ մանդատ չի տալու, որովհետև, ինչպես հայտնի արտահայությամբ է ասված, կարելի է մի ողջ ժամանակ խաբել ժողովրդի մի մասին, կարելի է որոշ ժամանակ խաբել ամբողջ ժողովրդին, բայց անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդին»։