կարևոր
655 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-25 20:28
Աշխարհ

Թեհրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց. Էսլամին՝ Իրանի և ՌԴ-ի նախագծերի մասին

Թեհրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց. Էսլամին՝ Իրանի և ՌԴ-ի նախագծերի մասին

Իրանը չի շեղվի խաղաղ ատոմի զարգացման ուղուց։ Այս մասին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) նախագահ Մոհամմադ Էսլամին հայտարարել է Մոսկվայում կայացած «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովի ընթացքում:

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային ծրագիրը ազգային մեծ ձեռքբերում է, սակայն Թեհրանն այդ ոլորտում բախվել է ԱՄՆ-ի և եվրոպական երեք երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա-խմբ.) հակազդեցությանը:

«Ակնհայտ դրսևորումներ են պատժամիջոցները, սպառնալիքները, ահաբեկումը, արդյունաբերական սաբոտաժը և ռազմական գործողությունները, ինչը միայն հիմա չէ, որ կատարվում է։ Նրանք լավ հասկանում և մասնավոր կարգով ընդունում են, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչ մի սպառնալիք չի պարունակում, սակայն ճնշումն ամեն օր աճում է»,- հայտարարել է ԻԱԷԿ-ի ղեկավարը։

 

Ինչպես նշել է Էսլամին, արևմտյան երկրները ձգտում են ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը, չնայած այն համապատասխանում է չափանիշներին:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժամանակին Իրանը 1 մլրդ դոլար է ներդրել երկրում ատոմային բլոկների կառուցման համար՝ գումարը փոխանցելով ֆրանսիական ընկերության: Ֆրանսիայի և Գերմանիայի մասնագետները նույնիսկ սկսել էին շինարարությունը, բայց հետո հրաժարվեցին նախագծերից։

«Դրանից հետո ոչ մի ընկերության, որը ցանկանում էր համագործակցել մեզ հետ, թույլ չտվեցին դա անել», – ասել է Էսլամին:

Սակայն, նրա խոսքով, ԱՄՆ-ն և եվրոպական երկրները չեն կարող ստիպել Թեհրանին հանձնվել։ ԻԱԷԿ-ի ղեկավարը պնդում է՝ երկրի միջուկային ծրագիրը թափանցիկ է, թեև ՄԱԳԱՏԷ-ն Արևմուտքի ճնշման ներքո խնդիրներ է ստեղծում այդտեղ:

Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իրանն արտադրում է աշխարհի ամբողջ ատոմային էներգիայի միայն 3 %-ը, սակայն ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների 25 %-ը բաժին է ընկնում հենց ԻԻՀ-ին:

«Բավակա՛ն է։ Իրանի և իրանական ծրագրի ուղին լիովին թափանցիկ է, և մենք դրանից չենք շեղվի», - ընդգծել է Էսլամին։

Նա հավելել է, որ Իրանում կասեցված նախագծերը վերսկսել է «Ռոսատոմը», ինչը թույլ է տվել ինտեգրել ռուսական և գերմանական տեխնոլոգիաները: Էսլամիի խոսքով` Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը։ Թեհրանը մտադիր է «Ռոսատոմի» հետ տարբեր հզորությունների նոր կայաններ կառուցել։

«Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային համաժողովը, որը նվիրված է ատոմային և դրան հարակից ճյուղերին և անցկացվում է ի պատիվ ռուսական ատոմային ոլորտի 80-ամյակի, տեղի է ունենում սեպտեմբերի 25-28-ը:

Համաժողովին մասնակցում են ատոմային ծրագրեր զարգացնող երկրների, պետական կառույցների, խոշոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսիոնալ ատոմագետներ, գիտնականներ և գործարարներ: