Փոխարժեքներ
28 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Մայիսի 23-ին Հայ երիտասարդության և մշակույթի տան (MAJC) սրահում բացվել է խմբակային ցուցահանդես, որը ներկայացնում է ժամանակակից հայ նկարիչների աշխատանքներ։ Ցուցահանդեսն իրականացվել է Հայաստանից հրավիրված ստեղծագործողների մասնակցությամբ։
Նախագծի նախաձեռնողներից Մարսելի 7-րդ հատվածի նախկին քաղաքապետ՝ 1998-2014 թթ, Մարսելի հայ մշակույթի և երիտասարդության տան նախագահ Կարո Հովսեփյանի խոսքով՝ նպատակը հայ արվեստագետներին արտերկրում ներկայացնելու հնարավորություններ ստեղծելն էր, ինչպես նաև Ֆրանսիայի հայ համայնքի կապը Հայաստանում ընթացող մշակութային գործընթացների հետ պահելը։
Ցուցահանդեսին մասնակցում են 14 նկարիչներ, այդ թվում՝ Խաչիկ Աբրահամյանը, Սոնա Ադալյանը, Արման Անտոնյանը, Հասմիկ Ավետիսյանը, Գագիկ Ղազանչյանը, Ահարոն Գրիգորյանը, Աննա Հարությունյանը, Հրանտ Միրզոյանը, Գևորգ Սարգսյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աղասի Թալալյանը, Գագիկ Տոնյանը, Լևոն Վարդանյանն ու Տաթև Ղամբարյանը։ Ներկայացված են գեղանկարչություն, գրաֆիկա և խառը տեխնիկաներով աշխատանքներ։
Առանձին ուշադրության են արժանի Մարսելում բնակվող նկարիչ Լևոն Վարդանյանի աշխատանքները, որոնք հիմնված են երկրաչափական կառուցվածքների և համաչափության սկզբունքների վրա։
Ցուցահանդեսը նաև ներկայացվել է Ֆրանսիայի հարավի Իսթըր և Լա Սիոթա քաղաքներում։ Լա Սիոթայի ցուցադրությունն անցկացվում է Սուրբ Կապույտ Ապաշխարողների մատուռում՝ Chapelle des Pénitents Bleus, քաղաքապետ Ալեքսանդր Դորիոլ-Քասմաջյանի աջակցությամբ։ Վերջինիս, բացելով ցուցահանդեսը, շեշտել է նախաձեռնության խորհրդանշական բնույթը․ «Այս գործերն արտացոլում են մի ժողովրդի ստեղծագործական ուժը, որը մինչ օրս շարունակում է պահպանել իր մշակույթը՝ պատմական ծանր փորձությունների ֆոնին»։
Ցուցահանդեսի համադրողն են «Հայ կերպարվեստի հիմնադրամը» և «Հայ նկարիչների կենտրոնը»՝ Խաչիկ Աբրահամյանի ղեկավարությամբ։
Տեղեկություն ցուցահանդեսների մասին
Մարսել – MAJC
12-14 rue Saint-Bazile, 13001 Marseille
Բաց է մինչև հունիսի 15-ը, ամեն օր՝ 10։00-ից 20։00
Հեռ․՝ +33 6 79 90 77 84
Լա Սիոթա – Ancienne chapelle des Pénitents bleus
Բաց է մինչև մայիսի 28-ը
Հեռ․՝ +33 6 79 90 77 84
Ցուցադրվող աշխատանքներից մի քանիսը հնարավոր է ձեռք բերել։
Մարիամ Խաթլամաջյան
Տեսանյութը և լուսանկարները՝ Կարեն Պետիկյանի