կարևոր
514 դիտում, 3 ժամ առաջ - 2025-01-31 12:56
Քաղաքական

Փաշինյանի հայտարարությունը շոյել է թուրք պատգամավորների սիրտը

Փաշինյանի հայտարարությունը շոյել է թուրք պատգամավորների սիրտը

Ցեղասպան Թուրքիայում դրական են ընդունել Փաշինյանի դիրքորոշումը «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ։ Ոգևորությամբ են ընդգծում Փաշինյանի այն հայտարարությունը, թե ժամանակակից Թուրքիայի Հանրապետությունը պատմական պատասխանատվություն չի կրում այդ իրադարձությունների համար։ Ավելին, նշում են, որ Փաշինյանը առաջինն է, որը բացահայտ հայտարարել է՝ 1915 թվականի «մեծ ջարդը» հիմնված էր հայերին տրված «կեղծ խոստումների և հայ ժողովրդի պատրանքային սպասումների վրա»։

Haqqin.az-ի հրապարակած հոդվածից պարզ է դառնում, թե Թուրքիայում պաշտոնյաներն ինչպես են վերաբերվում Փաշինյանի հայտարարություններին։

Նախ հիշենք, թե ինչ էր ասել Փաշինյանը Ցեղասպանության վերաբերյալ հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, Մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Այս թեմաների հետ պետք է հարաբերվենք, թե չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարում ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում»։

Մեկնաբանելով Ցյուրիխում Փաշինյանի հայտարարությունը՝ նախկին պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության ներկայացուցիչ, քաղաքագետ Ջանան Կալսինը Փաշինյանին անվանել է «պրագմատիկ և խելացի քաղաքական գործիչ, ով դասեր է քաղում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներից, ունակ է եզրակացություններ անել և դժվար որոշումներ կայացնել։

Թուրք պատգամավորի խոսքով՝ այսօր Ռուսաստանն ուժասպառ է եղել ուկրաինական պատերազմից և այլևս ի վիճակի չէ նախկինի պես Երևանին ռազմական և տնտեսական աջակցություն ցուցաբերել։ Նշում է, որ Մոսկվան այլևս չի կարող կրել Հայաստանի սոցիալ-տնտեսական բեռը, որին վերջին երեսուն տարիների ընթացքում փաստացի աջակցում է Ռուսաստանը։ Պատգամավորը կարծում է, թե Իրանը, որը գործնականում ռազմական հակամարտության մեջ է Իսրայելի հետ, ջախջախված է Արևմուտքի պատժամիջոցներով և խորապես խրված տնտեսական, ֆինանսական և էներգետիկ ճգնաժամերի մեջ։ Իսկ անդրադառնալով հայկական սփյուռքին՝ նշել է, որ Սփյուռքը ևս ֆինանսական ճգնաժամերի մեջ է, և հնարավորությունները սահմանափակվել են Հայաստանին օգնություն տրամադրելու համար։

Թուրք քաղաքագետի կարծիքով Հայաստանի ազգային շահը տարածաշրջանային մեկուսացումից հարկադրված դուրս գալն է, Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, սահմանների և տրանսպորտային միջանցքների բացումը, երկիրը տարածաշրջանային նախագծերում ընդգրկելը և օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Նրա համոզմամբ Փաշինյանը Ադրբեջանի զինանոցում տեսել է մարտական ​​անօդաչու թռչող սարքերի և ժամանակակից այլ զինատեսակների հզորությունը, ինչն էլ նրան դրդել է ճանաչել Ադրբեջանի և Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը՝ որպես ադրբեջանական հող։ Թուրք քաղաքագետի ​​դիտարկմամբ՝ Հայաստանի միակ հաղթական տարբերակը Թուրքիայի հետ բարեկամությունն է։ 

Թուրքիայի խորհրդարանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Շամիլ Այրիմն էլ կարծում է, որ Փաշինյանի հայտարարությունը պետք է դիտարկել տարածաշրջանային համագործակցության ապահովման համատեքստում։

Թուրք պատգամավորը նշում է, որ Փաշինյանը դեռ անցած տարի է առաջարկել ուսումնասիրություններ կատարել 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ և պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

 

Պատրաստեց՝ Կարինա Մնեյանը