Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության չորս պատգամավոր հայտարարություն են տարածել.
«Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչև առաջին պատեհապաշտ հանրապետական, մեծապատիվ քաղաքական ինստիտուտներից մինչև «այս պահից սրան չենք հայհոյում, այլ գովում ենք» հրահանգի անխոս մարտիկներ»։
Մի կողմից՝ պատգամավոր «գողանալու» այս տգեղ մոլուցքը, մյուս կողմից էլ ահաբեկվածությունից կամ պատեհապաշտությունից դրան գնացողների տեքստերը ծանր տպավորություն են թողնում այսօր։
Փաստ է՝ պատեհապաշտության հաղթանակը երբեք երկար չի տևում, միայն արժեզրկման ու բարոյազրկման նոր հիմքեր է ստեղծում։ Քաղաքական ուժերի միջև բանակցությունների փոխարեն յուրաքանչյուր պատգամավորի «հետևից գնալը» նույնն է, ինչ զենքը դնես պատգամավորի ճակատին ու ստիպես կամքդ կատարել:
Սա ո´չ իրավական է, ոչ էլ, առավել ևս, բարոյական: Արդյո՞ք ճակատագրի բերումով նման իրադարձությունների զարգացման կիզակետում հայտնված պատգամավորն ինքն իրեն կհարգի, արդյո՞ք դրանից հետո նրան ինչ – որ մեկը կհարգի:
Ողբերգությունը նրանում է, որ այս բևեռացման, անզիջողականության և բանակցելու ցանկության բացակայության, վերջնագրերով խոսելու հետևանքը հասարակական ու մարդկային հարաբերությունների ճգնաժամ է հասունացնում` արժանապատվության պահպանման զգացողությունից բխող չափազանց վտանգավոր հետևանքներով: Արդար հանգուցալուծում է պետք գտնել, մեկը մյուսին չտրորելու, մեկը մյուսի արժանապատվության հաշվին չինքնահաստատվելու այլ ճանապարհներ է պետք գտնել: Մի´ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա´յք, պարզապես մի´ զանգեք։
Այս էժան խաղում մենք չկանք։ Եթե դուք ի վիճակի չեք քաղաքակիրթ լուծումներ գտնել, ապա մենք ձեզ համար գործիք չենք։ Մենք մտահոգ ու հիասթափված հետևում ենք՝ ինչ եք դուք անում։ Մենք լուռ կսպասենք: Բայցև, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»։
Աժ պատգամավորներ․
Միհրան Հակոբյան
Կարեն Բեքարյան
Արման Սաղաթելյան
Սամվել Ֆարմանյան