կարևոր
1618 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-12-06 10:49
Քաղաքական

Անկախ ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունից՝ ՀՅԴ շարունակում է արտաքին գործընկերների հետ աշխատանքները․ Գևորգ Ղուկասյան

Անկախ ՀՀ գործող իշխանությունների քաղաքականությունից՝ ՀՅԴ շարունակում է արտաքին գործընկերների հետ աշխատանքները․ Գևորգ Ղուկասյան

ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ընկերակցում էր Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում։ 

«Այցի հագեցած օրակարգը ներառում էր համայնքային և կուսակցական հանդիպումներ, աշխատանքային քննարկումներ գործընկեր` ֆրանսիական սոցիալիստական կուսակցության մի շարք ներկայացուցիչների հետ՝ տեղական և խորհրդարանական մակարդակներում։ Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամների, ինչպես նաև Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ քննարկվող հարցերի լայն շրջանակը մասնավորապես ընգրկում էր Հայաստանի շուրջ արտաքին զորակցության ապպահովումը, Ադրբեջանի նկատմամբ միջազգային օբյեկտիվ կարծիքի ու քաղաքական վարքի ձևավորման անհրաժեշտությունը, արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը, հայ ռազմագերիների և Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը, գործուն ջանքերով ադրբեջանական հերթական ագրեսիայի կանխումը։

Գործընկերների խնդրանքով Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՅԴ պատկերացումները ներքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրի բարելավման վերաբերյալ։

Անշուշտ, աշխատանքային այցի կարևոր իրադարձություններից մեկը մասնակցությունն էր մեր ավագ ընկերոջ՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, Հայ դատի կենտրոնական խորհրդի անդամ Մուրադ Փափազյանի՝ Ֆրանսիայի Հանրապետության բարձր պետական պարգևի՝ պատվո լեգեոնի ասպետի մեդալի շնորհման արարողությանը։

Անկախ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունից՝ ՀՅ Դաշնակցությունը իր արտաքին հարաբերությունների ողջ գործիքակազմով շարունակում է արտաքին գործընկերներին Հայաստանի անվտանգության ու միջազգային հարաբերությունների վերաբերյալ այլընտրանքային մոտեցումների ներկայացումը, Հայաստանի շուրջ արտաքին զորակցության ապահովման աշխատանքները»։