կարևոր
682 դիտում, 1 շաբաթ առաջ - 2024-11-08 11:22
Քաղաքական

ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ տեկտոնական տեղաշարժերի պետք չէ սպասել. Գևորգ Ղուկասյան

Նոյեմբերի 7-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանը: Անդրադարձ է կատարվել ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներին, այդ ընտրություններում ԱՄՆ հայ համայնքի կողմնորոշումներին, ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում հնարավոր փոփոխություններին, ինչպես նաև ամենատարբեր ուղղություններով վերջին շրջանում Հայ Դատի գրասենյակների ծավալած գործունեությանը:

Խոսելով ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետականների տարած հաղթանակի մասին՝ Գևորգ Ղուկասյանը մասնավորապես նշել է, տեղի հայ համայնքային կազմակերպությունները և Հայ Դատի հանձնախումբը նախընտրական քարոզարշավի ընթացքում պաշտոնապես թեկնածուներից որևէ մեկին չեն սատարել՝ ավելի շատ նախապատվություն տալով Կոնգրեսի զույգ պալատների անդամակցության համար պայքարող հայամետ գործիչների հետ աշխատանքներին: «Ինչ վերաբերում է նախագահի թեկնածուներին, ապա քարոզարշավի ընթացքում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նրանց պարբերաբար բացասական գնահատականներ է տվել՝ հաշվի առնելով Թրամփի առաջին նախագահության օրոք 44-օրյա պատերազմի սանձազերծումը, ԱՄՆ դիվանագիտական ջանքերի տապալումը, պատերազմից առաջ և հետո ամերիկյան ռազմական օժանդակությունը Ադրբեջանին, ինչպես նաև գործող վարչակազմի օրոք ԱՄՆ դրսևորած քաղաքական վարքը Արցախի էթնիկ զտումներից առաջ և հետո: Սա խոսում է Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի քաղաքական հասունության մասին, ինչը ընկալվեց նաև թեկնածուների կողմից և պատահական չէր, որ նրանք երկուսն էլ տարբեր հանդիպումներում անդրադարձան հայությանը հուզող խնդիրներին»,- ասել է Գևորգ Ղուկասյանը:

Գևորգ Ղուկասյանի կարծիքով՝ ԱՄՆ-ում հանրապետականների հաղթանակն այդ երկրի արտաքին քաղաքականության մեջ մեծ ու շրջադարձային փոփոխությունների չի հանգեցնի: Այլ հարց է, թե ՀՀ իշխանություններն ինչպես կշարունակեն աշխատել նոր ադմինիստրացիայի հետ: «Դեռ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ իշխանություններն իրենց հարիր կերպով քաղաքական կարճատեսության հերթական արարը գործեցին՝ դեսպանի և ԱԺ պատվիրակության մակարդակով մասնակցելով դեմոկրատ թեկնածուի հրավիրած ազգային համաժողովին՝ անտեսելով մյուս թեկնածուի նույնատիպ հավաքը: Սա անշուշտ քաղաքական դիրքորոշման ցուցիչ էր: Մինչդեռ պետք էր հավասարություն պահպանել, որովհետև խոսքն այս դեպքում այլ պետության ներքաղաքական խնդիրների մասին է: Կարծում եմ, որ այս դեսպանը, որ գտնվում է Վաշինգտոնում, լավագույն տարբերակը չէ թե հեռացող և թե մանավանդ նոր ադմինիստրացիայի հետ աշխատելու համար: Ի վերջո կան այլ դիվանագետներ, որ այս օրերին էլ կարող են գործուղվել այնտեղ և իրենցից կախվածն անել հայ-ամերիկյան շփումները որոշակի մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- նշել է Գևորգ Ղուկասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում