կարևոր
3139 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-02 18:58
Քաղաքական

«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց «թիվ 1 պատասխանատուն» դեռ ճառեր է «փիսիփոլայում»․ 7or.am

«Մարտի 1-ը» բացահայտված է, բայց «թիվ 1 պատասխանատուն» դեռ ճառեր է «փիսիփոլայում»․ 7or.am

Ասում են՝ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին, նաև մեծապես իր կոչերով հրահրված-բորբոքված անկարգությունների հետևանքով զոհված 10 հայրենակիցների, այդ թվում՝ Ներքին զորքերի երկու զինծառայողի հիշատակի համար արձանի բացման ժամանակ բոցաշունչ ելույթ է ունեցել: Անգամ փիլիսոփայել է՝ փայլատակելով իրեն բնորոշ «մարգարիտներով»: Թեպետ, նրա արտասանածը, ինչպես փիլիսոփայության մեր հարգված դասախոսը կասեր, ավելի շուտ՝ փիսիփոլայություն է:

Հիացեք, խնդրեմ. «...այս օրն այսօր է՝ որպես երեկվա հետևանք, վաղն այսօր է լինելու՝ դարձյալ որպես երեկվա հետևանք: Եվ, հետևաբար, վաղը կառուցվում է այսօր, ամեն օր մեզանից յուրաքանչյուրն է կառուցում այդ վաղվա օրը»: Մի խոսքով՝ սարերը դաշտերից բարձր լինեն, գետերն ունենան 2 ափ, դե, իսկ Արեգակն էլ առավոտը դուրս գա, իսկ երեկոյան կորչի-գնա:

Ըստ ժանրի կանոնների, այդ պահին պիտի մեկնումեկը բացականչեր. «Ակո՜ւնք իմաստության...»: Եվ տարօրինակ է, որ ոչ մեկը չբացականչեց, չնայած նման տեսարանի համար հուշարձանի մոտ հավաքվածների շարքերում շատ կային: Վերցնենք թեկուզ Փաշինյանի «հատուկ հանձնարարություններով» ներկայացուցիչ, ի լրումն՝ «կլասիկ» Էդմոն Մարուքյանին, որին տեսաֆոտոխցիկները բռնացրել էին Ալեն Սիմոնյանի հետ նշված վայրում բարեկամաբար ասել-խոսելու պահին: Հիշատակվածները նրանք են, որ ընդամենը մի երկու տարի առաջ, համայն հանրությանն ի տես և ի լուր, միմյանց ինչ ասես, որ էլ չասացին (տե՛ս կից տեսանյութը): Այնպես «նախշեցին» զմիմեանս, որ նման դրսևորումից հետո, սովորաբար անցնում են մեկմեկու քիթումռութ «նախշելուն»: Թեպետ, հիշեցնենք, նման մի բան էլ եղավ, երբ Ալեն Սիմոնյանի կուսակիցները՝ ի դեմս Սասուն Միքայելյանի, հենց ԱԺ դահլիճում հարձակվեցին նույն Էդմոն Մարուքյանի վրա ու նաև թիկունքից հարվածեցին նրան: Իսկ հիմա, տեսնում եք, թե նույն Ալեն Սիմոնյանն ու նույն Էդմոն Մարությանն ինչպիսի մեղրաշոկոլադային հարաբերություններ ունեն (տե՛ս կից նկարը):

4

Ի դեպ, Սասուն Միքայելյանի մասին, ավելի ճիշտ, նրա միջոցով բարձրաձայնված Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի այն առանցքային համոզմունքի, որ... «թավշյա հեղափոխությունը» Արցախի ազատամարտից ավելի կարևոր իրադարձություն էր: Շատերն էին բորբոքվել այդ հայտարարությունից, որն այնքան էլ հայտարարություն չէր, այլ բացահայտ ինքնախոստովանություն:

Վերջիվերջո, ինչպե՞ս կարող է որևէ մեկի քաղաքական կարիերան կամ թեկուզ հեղափոխախժդժային «թռիչքն» ավելի կարևոր բան լինել, քան Հայրենիքի ազատագրումը կամ պաշտպանությունը: Եվ, եթե մեկը բացեիբաց ասում է, թե որն է իր, իր ներկայացրած ուժի համար ավելի կարևոր, արդեն պարզ է, թե ում և ինչի հետ գործ ունեք:

Չնայած, Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն կոնկրետ «վերաբերմունքով» են իրենց կարևորությունները ցույց տվել. «Մարտի 1-ի» զոհերի հարազատներին (ժառանգներին) հատկացրել են 30-ական միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում, իսկ, օրինակ, իրենց կառավարման հետևանքով բորբոքված պատերազմում զոհվածների ծնողներին ու ընտանիքներին՝ դրանից երեք անգամ քիչ գումար են տրամադրել:

Ի դեպ, զարմանալի է, որ «Մարտի 1-ի» զոհերի հարազատներն այլևս «գլխավոր թեմա» չեն, անգամ՝ փաշինյանական թունոտ քարոզչության ու դամքաշական քարոզչամիջոցների համար: Զարմանալի է, քանի որ իրենց սիրելի առաջնորդն էլի հայտարարել է, թե «մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները պատժված չեն»:

Չնայած, այս մի կետում Նիկոլ Փաշինյանն, ինչ-որ տեղ իրավացի է, ինչպես անհերքելի է այն, որ «այս օրն այսօր է, իսկ վաղը՝ վաղն է լինելու»: Իրավացի է այն տեսանկյունից, որ շատ-շատերի համոզմամբ՝ 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար առանցքային մեղավորներից մեկը կամ ինչպես հիմա են ասում՝ «թիվ 1 պատասխանատուն» ինքն է՝ տեղի ունեցողից իր «փառավորված հոգով» ու դեպքի վայրից «թռնելով» հանդերձ: Թեպետ, այնպես չէ, որ կոնկրետ Նիկոլ Փաշինյանը հետագայում չհանձնվեց իրավապահներին, չդատվեց ու ազատազրկման չդատապարտվեց: Ի դեպ, եթե նրա նկատմամբ, ոչ առամց արտաքին բզբզոցի, նախորդ իշխանությունը ներողամտություն չցուցաբերեր և համաներման (նույն ինքը՝ «ամնիստիայի») չենթարկեր, դեռ 2018-ին էլ կշարունակեր բանտում լինել, որտեղից օրումեջ իր պաշտպաններին օգնության կանչեր էր հղում:

Այնպես որ, մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները, այսպես ասենք՝ «կիսապատժված» են: Ավելին՝ արդեն 5 տարի է, ինչ նաև դրա համար պահած մուռն են հանում Արցախից, Հայաստանից, բոլորից:

Աղբյուրը՝ 7or.am