Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն արդեն հայտնել է, որ ոստիկանությունը մերժել է բանակում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի դիմումի հիման վրա քրեական գործի հարուցումը` հանցակազմի բացակայության հիմքով:
Նշենք, որ փետրվարի 26-ին Երեմ Սարգսյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանության Իջեւանի բաժին` նշելով, որ զինծառայողի սպանության գործով նիստի ժամանակ խոչընդոտել են իր փաստաբանական գործունեությանը:
Փաստաբանը երեկ ստացել է ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննիչի 08.03.2014թ. կայացրած` նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, որում առկա են հետևյալ մեջբերումները`.
«Իշխան Ստեփանյանն իր բացատրությամբ նշել է, որ նման բան չի եղել, ինքը փաստաբաններին չի սպառնացել, փաստաբանական գործունեության իրականացմանը չի խոչընդոտել, հայհոյանքներ չի տվել, իսկ հակառակն ապացուցող տվյալներ ձեռք չեն բերվել:
Ըստ դատական նիստի դահլիճում ներկա գտնվող և իրենց պարտականությունները կատարող դատական կարգադրիչների բացատրությունների նշված դատական նիտսի ժամանակ չեն տեսել, որ Իշխան Ստեփանյանը ձեռքը սահեցրել է իր պարանոցով և փաստաբանին ասել, որ սպանելու է նրան, բարձր աղմուկի պատճառով հահոյանքներ, սպառնալիքներ չեն լսել, արդարադատության իրականացմանը չի խոչընդոտվել:
Ըստ դատարանից ստացված թիվ ԴԴ-29-Ե1841/41 գրության արդարադատության իրականացմանը խոչընդոտելու և դատական նիստի ընթացքում այլ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների վերաբերյալ համապատասխան արձանագրություն չի կազմվել»:
Փաստաբանի խոսքով ` պարզից էլ պարզ է, որ այս որոշումը կայացվել է` նպատակահարմարությունից ելնելով, այլ ոչ թե իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված տվյալների հիման վրա: Որպես ասածի ապացույց` Երեմ Սարգսյանն առաջարկում է նորից դիտել համացանցում առկա` այդ գործով դատական նիստերի տեսագրությունները, որոնցում, ըստ նրա, հստակ երևում են ոչ միայն Իշխան Ստեփանյանի, այլ նաև բազմաթիվ այլ անձանց կողմից կատարված արարքները, որոցում առկա են մի քանի հանցագործությունների հանցակազմեր, այդ տեսանյութերը նաև հասարակական լայն քննարկումների առարկա են դարձել, և, բնականաբար, դրանց մասին տեղյակ են նաև իրավասու մարմինները:
«Առավել զարմանալի է դատարանից ստացված վերոնշյալ գրությունը, քանի որ անհասկանալի է, թե այդ ինչ արձանագրություն պետք է դատարանի կողմից կազմվեր, եթե դատական նիստը ձայնագրառվում է, այդ ձայնագրություններն առկա են նաև պաշտպաններիս մոտ, որոնցում պարզ լսվում են այն բոլոր արտահայտությունները, որոնք հնչեցվել են դատական նիստերի ժամանակ»,- նշում է փաստաբանը և հավելում, որ, չնայած իրենց կողմից ներկայացված այս բոլոր ապացույցներին, այնուամենայնիվ, քննիչի որոշումը չի բողոքարկվելու, քանի որ իրենց նպատակը ոչ թե այդ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելն է, այլ նրանց բոլորին, ի վերջո, հասկացնելը, որ այդպիսի վարքագիծն անթույլատրելի է, և որպեսզի հետագայում բացառվի նման վարքագիծը: Եվ քանի որ 10.03.2014թ. դատական նիստի ընթացքում Լյուքս Ստեփանյանի հարազատները բացարձակապես որևէ անթույլատրելի վարքագիծ չեն դրսևորվել, ուստի փաստաբանը կարծում է, որ այլևս կարիք չկա, որպեսզի նրանց նկատմամբ քրեական վարույթ իրականացվի:
«Ի վերջո, պատժի նպատակներից են նաև պատժի ենթարկված անձանց ուղղելը և հանցագործությունների կանխումը: Կարծում ենք, որ այս դեպքում առանց պատժի իրականացման էլ արդեն իսկ այդ նպատակներն իրագործվել են»,- հայտարարում է փաստաբանը: