կարևոր
4135 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-09 12:23
Աշխարհ

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը․ ԵՄ դեսպան

«ԵՄ երկրների ղեկավարները համաձայնել են դադարեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը», լրագրողներին տեղեկացրել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին «Եվրամիության ընդլայնումը՝ աշխարհաքաղաքական անհրաժեշտություն եւ Եվրամիության թեկնածու երկրների հետագա քայլերը» երկօրյա միջազգային համաժողովում: Այս մասին տեղեկացրել է SOVA-ն։

«Հունիսի 27-ին ԵՄ ղեկավարները, նախագահները եւ վարչապետերը հանդիպել են Բրյուսելում եւ ընդունել մի քանի կարեւոր որոշումներ, համաձայնեցրել ԵՄ ռազմավարական օրակարգը, հասել համաձայնության ԵՄ ապագա ղեկավարների մասին, հաստատել մեր հավատարմությունն Ուկրաինայի պաշտպանությանը եւ, ցավոք, եւ ես ցավում եմ ասել դա, նրանք նաեւ համաձայնեցրել են դադարեցնել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացը։

Այս մասին շատ հստակ ասված է Եվրոպական խորհրդի եզրակացությունում։ Շատ ուշադիր կարդացեք։ Վրաստանի ներկա կառավարության մտադրությունները պարզ չեն Եվրամիության ղեկավարների համար։ Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը ակնհայտորեն հետքայլ է...

Հակաարեւմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու հայտարարված նպատակի հետ։ Ցավոք, ներկա պահին Եվրամիությանը Վրաստանի անդամակցությունը դադարեցվել է։ Դա իսկապես տխուր է եւ հոգեցունց»,- ասել է դեսպանը։

Եվրամիությունը սառեցրել է նաև Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 մլն եվրոյի հատկացումը օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով:

«ԵՄ ղեկավարները որոշել են սառեցնել միջոցները, որոնք հատկացվել էին Վրաստանի պաշտպանության ուժերի աջակցման համար Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում։ Այս պահին դրամական միջոցները, որոնք մենք նախատեսում էինք հատկացնել ՊՆ-ին, 30 մլն եվրո, սառեցվել են»,- տեղեկացրել է դեսպանը։