կարևոր
5428 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-30 10:40
Հասարակություն

Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ․ Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին․ «Հրապարակ»

Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ․ Մովսես Հակոբյանը՝ Բագրատ Սրբազանի մասին․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ««Հրապարակի» զրուցակիցը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանն է։

- Տավուշում գյուղեր են հանձնվում, մարդիկ փակել են ճանապարհը։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ եթե այդ գյուղերը չտանք, պատերազմ կսկսվի։

- Պատերազմը, մեկ է` սկսվելու է. հաջորդը որ ուզի` չտաս, ասելու է՝ պատերազմ է սկսվելու։

- Հաջորդ զիջումները, ըստ Ձեզ, որո՞նք են լինելու։

- Բազմիցս անդրադարձել եմ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետեր կան, այդ կետերն Ադրբեջանը հերթականությամբ կյանքի է կոչում։

- Խոսքը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասի՞ն է։

- Ոչ միայն, ավելի վատ կետեր էլ կան։ Խոսքը փախստականների վերադարձի մասին է։

- Օրերս մի խումբ պայմանագրային զինծառայողներ միացել էին ցուցարարներին, զրուցել նրանց հետ, հետո ՊՆ-ն հայտարարեց, որ ռազմական ոստիկանությունն է զբաղվում նրանցով, քրգործ են հարուցել։ Դուք այստեղ խախտում տեսնո՞ւմ եք։

- Այո, իրենք հանցանք են կատարել։

- Ցուցարարների հետ չպե՞տք է զրուցեին։

- Մոտեցել են, լավ են արել, ցանկացած մարդ իրավունք ունի՝ ինչ ուզի, անի, բայց հետո դրա համար չպիտի զղջա։

- Հանցանքը ոչ թե միանալն է, այլ իրենց արածի համար զղջա՞լը։

- Առաջինը՝ որ մոտեցել են ու հայտարարել, որ միանում են։ Երկրորդ հանցանքը՝ տղայական, այն է, որ զղջացել են։ Հանցանք է, որ իրենք զինվորական համազգեստով են եղել։

- Տավուշում Բագրատ սրբազանի հետ է նաեւ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Որպես զինվորական՝ նրան ճանաչո՞ւմ եք, ի՞նչ կարող եք ասել նրա մասին։

- Ոչինչ չեմ ասի։

- Չե՞ք ճանաչում, թե՞ ճանաչում եք, բայց չեք ուզում ասել։

- Ճանաչում եմ։ Ինքն ի ցույց է դրել մի քանի օր առաջ իր հայտարարություններով։ Ինքը մի քանի օր առաջ վարչապետին անվերապահորեն վստահող անձ էր, դրանից մի քանի տարի առաջ էլ է վստահված անձ եղել, դրանից 2 տարի առաջ էլ, բանակից զորացրված, պաշտոն է ստացել։ Երբ իրեն են կպնում, էդ ժամանա՞կ են հայրենասեր դառնում։

- Իսկ Բագրատ սրբազանի մասին ի՞նչ կարող եք ասել։

- Մեծագույն մարդ, հայրենասեր, ազնիվ, նվիրյալ։

- Փաստորեն, սրբազանին միանշանակ դրական եք վերաբերվում։

- Ես չեմ վերաբերվում, ինքն այդպիսին կա, ինքը երբեք չի թաքցրել իր մտքերը, ինքը երբեք չի համակերպվել անարդարությանը` ոչ թե այսօր, այլ․․․ ես շատ վաղուց եմ իրեն ճանաչում։

- ՔՊ-ն մի քանի շաբաթ է Բագրատ սրբազանին փորձում է վարկաբեկել, անգամ գրում են, թե Ռուսաստանի գործակալ է։

- Ծիծաղելի բաներ եք ասում (ծիծաղում է)․․․, այս երկրում բոլորն ագենտ են, բացի իրենցից, բայց եթե ուզում եք իմանալ` ամենամեծ ագենտն իրենք են, ժամանակը կգա, եւ դա կապացուցվի»: