կարևոր
5848 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-10 18:09
Հասարակություն

Գյուղացիքին ասել են՝ վատ ձևերով ձեր ձեռքից կվերցնենք հողերը․ Վարդենուտի բնակիչ

Գյուղացիքին ասել են՝ վատ ձևերով ձեր ձեռքից կվերցնենք հողերը․ Վարդենուտի բնակիչ

«Եթե մինչև ուրբաթ մեր հարցին դրական լուծում չտրվեց շարունակելու ենք անհնազանդության ակցիաներն ու ճանապարհ փակենք»,- այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Վարդենուտի բնակիչներից մեկը։ Նրա խոսքով՝ քիչ առաջ գյուղացիները բացել են ճանապարհն այն բանից հետո, երբ մարզպետի  օգնականը հանդիպել է ու խոստացել, որ մինչև ուրբաթ, հանձնաժողով կձևավորեն՝ ներգրավվելով շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին։

Հիշեցնենք, որ այսօր, վաղ առավոտից,  Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ափնա գյուղի վարչական տարածքում, Վարդենուտ գյուղի բնակիչները, ի նշան բողոքի, փակել էին գլխավոր ճանապարհը։ Բանն այն է, որ կառավարությունը հանրային գերակա շահ է ճանաչել գյուղացիների պատկանող գյուղատնտեսական նշանակության 118 հեկտար հողատարածք, և համարժեք փոխհատուցում չի տվել, առաջարկել են շուկայականից անհամեմատ ցածր գին՝ 300 դրամ։ Հողի գնորդը «ՌԻԴ» ՍՊԸ-ն է, որը պատրաստվում է այդ վայրերում ճոպանուղի և լեռնադահուկային համալիր կառուցել։ ՀՀ Կառավարությունը 2023-ի մարտին հավանություն  է տվելընկերության ներկայացրած ծրագրին:

«Առանց գյուղացիների իմացության մեր հողատարածքները ճանաչել են հանրային գերակա շահ, ծանուցումն անցյալ տարվա հոկտեմբերին ենք ստացել, իսկ արդեն մեկ շաբաթ է դատարաններից են գյուղացիները ծանուցումներ ստանում։ Հիմաէլ «ՌԻԴ» ֆիրման է բոլոր գյուղացիներին դատի տվել։ Ծանուցման մեջ նշված է, որ եթե համաձան չեն, դեմ են կարող են բողոքարկել 3 օրվա մեջ, գյուղացիները փոստատարի միջոցով ետ են ուղարկել ծանուցումները։ Մենք կողմ ենք, որ այդ ծրագիրը ներդրվի, բայց՝ ոչ մեր հողերը կոպեկներով գնելու միջոցով»,-ասաց մեր զրուցակիցը։

«Գյուղացիներով ստորագրահավաք ենք արել, որ համաձայն ենք քառակուսի մետրի դիմաց վճարեն 2000 դրամ,ոչ թե՝ 300 դրամ, որ մեր գյուղն էլ զարգանա, բայց մեզ պատասխանել են՝ եթե չեք ուզում, ավելի վատ ձևով կվերցնենք ձեր ձեռքից հողերը։ Գյուղացիների մի մասին վախեցրել են , մի մասին համոզել են, 15 հոգի ծախել են իրենց հողերը, գործարքը կատարել է  խոշորացված համայնքի ներկայացուցիչը՝ Կամո Սահակյանը, էսօր իր գյուղացին ոտքի է ելել, ճանապարհ է փակել, բոլոլա են սարքել, ինքը չկա»,-ասաց վարդենուտցի մերզրուցակիցը։

Հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք ՔՊ-ական է խոշորացված համայնքի ղեկավարը, պատասխանեց․

«Իհարկե, այսօր ո՞ր մի ղեկավարն է Հանրապետական, բոլորն էլ ՔՊ-ական են, մի տեղ ուտում են, մի տեղ․․․ Դե հիմա մենք էլ էդպես ենք սովորել, երկրի ղեկավարը ճանապարհ փակելով դարձավ վարչապետ, մենք էլ էդ ձևով ուզում ենք մեր հարցերը լուծել։ Էն նույն ճանապարհն էինք փակել, որտեղից 2018 թվին փակելով վարչապետ ընտրեցինք, իսկ էսօր անտեսել է ժողովրդին․․․ Չենք ուզում, որ մեր ձեռքից հողերը խլեն, 1000 հոգի հող ունի, հողի ընդհանուր մակերեսը 118 հա է , պատկերացնում ե՞ք, գյուղի 70 տոկոսը տալիս են «ՌԻԴ» ֆիրմային․․․ Էսօր միլպետին էլ են քզգուշացրել, որ եթե հարցի լուծումը գյուղացիների սրտով չլինի, ոչ մի տեխնիկա չի մտնելու, եթե տեխնիկա մտնի կջարդենք, չենք թողնի էստեղ շարժ լինի, մեր հողը հենց այնպես ոչ մեկին չենք տա, 50 տարուց ավելի իմ պապերը, ծնողները, ես քրտինք ենք թափել էդ հողերի վրա, հաստատ կոպեկով չենք տա ոչ ոքի»,- ասաց մեր զրուցակիցը։



Հերմինե Զեյնալյան