Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հեղափոխությունից հետո՝ այս 2 տարիների ընթացքում, ՀՀ պետական պարտքը աճել է 1.3 մլրդ դոլարով: Այն 1.5 անգամ ավելի արագ է աճել, քան այդ ժամանակահատվածում մեր համախառն ներքին արդյունքը»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Ըստ տնտեսագետի՝ պետական պարտքը, որպես այդպիսին, այնքան էլ վտանգավոր չէ, քանի որ գրեթե ամեն երկիր էլ ունի պետական պարտք: Խնդիրը այստեղ այն է, թե պետական պարտքը արդյոք ծառայո՞ւմ է ըստ նշանակության, թե՞ ոչ. «1.3 մլրդ դոլար պետական պարտքի կեսը օգտագործվել է 6-7 ամիսներին՝ համավարակով պայմանավորված: Պետական պարտքի մասը կազմող 618 մլն դոլարը 2020 թվականի հուվար-հունիս ամիսներին է աճել: Իսկ մինչև համավարակը, անհասկանալին այն էր, որ պետական բյուջեի եկամուտներն ավանդադրվում էր Կենտրոնական բանկում, ավանդից տոկոսներ էին ստանում և ֆինանսական կայունություն ունենալու համար պարտք էին վերցնում. ինչո՞ւ պարտքով գումար վերցնել, եթե պետությունը ուներ միջոցներ, որը կարող էր ծառայել ըստ նշանակության: Այսինքն վերցված պարտքը, ծառայեցվեր երկրիր ենթակառուցվածքների զարգացմանը ծառայեցնելու և սոցիալական խնդիրների լուծման փոխարեն, ավանդադրվել և բերել է որոշակի տոկոսային եկամուտներ: Մենք չպիտի պարտք վերցնենք պարգևատրումների համար, նախ և առաջ դրանք պետք է ծառայեն իրավիճակի հակաճգնաժամային կառավարման խնդիրների ճիշտ կանխարգելմանը»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում Թադևոս Ավետիսյանը նշեց, որ առաջին անգամը չէ, որ այլ երկրներից ստացված գումարները օգտագործվում են ոչ ըստ անհրաժեշտության. «Տարվա վերջին պետությունը նորից վարկային պայմանագրով պարտք վերցրեց և հիմնավորեց նրանով, որ ստեղծում է ֆինանսական կայունության բուֆեր: Բայց տվյալ պարագայում անհասականլի էր, թե ինչու է կապիտալ ներդրումների ծրագիրը իրակացվել շուրջ 60 տոկոսով՝ 100 տոկոսի փոխարեն, իսկ զբաղվածության ծրագրերը թերակատարվել են 50 տոկոսով: Փաստացի ապաշնորհ կառավարման հետևանքով այդ ծրագրերը չիրականացվեցին, չնայած որ այդ գումարները կային»,- ասաց տնտեսագետը:
Տնտեսագետը անդրադարձավ նաև հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի իրականացմանը. «Ճիշտ է, ծրագրերի թվերը օր օրի աճում են, բայց դրանք, առավելապես, ականջահաճո լինելու նպատակ ունեն, քան իրական արդյունքի հասնելու: Եթե, օրինակ, վերցնենք, որևէ հակաճգնաժամային ծրագիր և դիտարկենք, կտեսնենք, որ այն իրականում ուշացած է և հետո ավելի շատ միտված են հետևանքը հաղթահարելու, քան ժամանակին խնդիրը կանխարգելելու:
Մենք սոցիալ-տնտեսական օրվա խնդիրները լուծելու համար մեր ձեռքը մեկնել ենք ապագա հնարավորություններին: Մեր այսօրվա խնդիրները հետևանքն են հենց անարդյունավետ կառավարման և մի շարք ձախողումների: Մենք այս վարկային բեռը, որ վերցրեցինք, մարելու ենք վաղը՝ ի հաշիվ մեր տնտեսական զարգացման ներուժի: Եթե առաջ չունեինք պետական պարտքի անհրաժեշտություն, ապա հիմա այն կա և արդեն մենք ստիպված ենք վերցնելու, քանի որ մեր երկիրն ունի խորացող ճգնաժամային երևույթներ և, ի վերջո, մեծ անորոշություն: Անորոշությունը շարունակվում է, որովհետև մենք համավարակը չենք հաղթահարել, ու պարզ էլ չէ, թե ինչ զարգացումներ կունենանք»,- եզրափակեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Զվարթ Պետրոսյան