Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շատ մեծ զսպվածություն ցուցաբերելով պետք է ասեմ, որ, որպես իրավաբան, երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար ես պարզապես ամոթի զգացողություն ունեմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով եկեք ԱԺ-ում ընդունված օրինագծին, որով դադարեցվում է իր՝ որպես դատարանի նախագահի և ՍԴ՝ 12 տարի պաշտոնավարած դատավորների լիազորությունները։
Եթե զրկվի ՍԴ նախագահի պաշտոնից, արդյոք կբողոքարկի՞ դատական կարգով՝ հարցին Թովմասյանը պատասխանեց, որ նմանատիպ իրավիճակներում անձը չունի ներպետական համակարգում դատական պաշտպանության իրավունք:
Այդ դեպքում ի՞նչ են պատրաստվում անել՝ Թովմասյանն ասաց. «Կա իրավունքի սկզբունք՝ առոչինչ իրավական ակտերին անձը ոչ թե իրավունք ունի ենթարկվել կամ չենթարկվել, այլ իրավունք չունի դրան ենթարկվել»:
Նա ասաց, որ այն Սահմանադրությունը, որի գրմանն ինքը մասնակցել է, դրանով սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության, այնինչ ՍԴ-ն նման նախագիծ, նման փաստաթուղթ չի քննարկել: «Սահմանադրական վերահսկողություն» նշանակում է օրինագիծը ՍԴ-ի հաստատմանն ուղարկելու գործընթացը։
«Այն Սահմանադրությունը, որը գործում է, այնտեղ չի գրված, որ եթե սահմանադրական փոփոխությունները վերաբերելու են ՍԴ-ին, դա ենթակա չէ նախնական սահմանադրական վերահսկողության»,-ասաց նա։ Այդուհանդերձ, ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխություններին նախնական գնահատական տալ չցանկացավ:
Հարցին՝ տհաճ չէ արդյո՞ք աշխատել այն պայմաններում, երբ իշխող ուժից անընդհատ հայտարարում են, որ ինքը լեգիտիմ չէ, չի վայելում ժողովրդի վստահությունը, պետք է հեռանա, Թովմասյանը պատասխանեց. «Ինձ համար նախկին իշխանության, նոր իշխանության, հին իշխանության ասածները հարյուրերորդական են: Հրայր Թովմասյանը գլուխը կախ գալիս իր աշխատանքն անում, թողնում գնում է»:
ՍԴ-ի շուրջ հիմա տեղի ունեցողը իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է՝ հարցին ի պատասխան Թովմասյանը կատակեց. «Երեկ ինչ-որ մեկն ասաց, որ այս ամեն ինչը արվում է, որ մարդիկ երջանիկ ապրեն: Ես ուզում եմ հավատալ մեր պատգամավորներին, որ այս փոփոխություններից հետո բոլորը երջանիկ են ապրելու»:
Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ ինքը շարունակելու է գալ աշխատանքի ու անել իր գործը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության երկու տասնյակից ավելի պատգամավորների հեղինակությամբ հունիսի 22-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Իշխանությունը այս նախագծով մտադիր է դադարեցնել ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ: ԱԺ-ում այս նախագծի երկու ընթերցմամբ ընդունումը՝ ընդդիմադիր խմբակցություններրի բոյկոտի պայմաններում, շատերը համարում են սահմանդրական կարգի տապալում։ Այն ընդունվեց Սահմանդրության խախտմամբ, քանի որ երկրորդ ընթերցման քվեարկությունից առաջ չուղարկվեց Սահմանադրական դատարան։ Բացի այդ, իշխող թիմը փոփոխություն կատարեց ԱԺ կանոնակարգ-օրենքում, որով բացառեց քվերակված օրինագիծը ՀՀ նախագահի ստորագրմանը ուղարկելու ընթացակարգը, ինչը նույնպես հակասում է Սահմանադրությանը։
Մանրամասն՝ տեսանյութում․