կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-06-18 12:03
Քաղաքական

Միայն Մանվել Գրիգորյանը չպետք է պատասխան տա տեղի ունեցածի համար. Էդմոն Մարուքյան

Միայն Մանվել Գրիգորյանը չպետք է պատասխան տա տեղի ունեցածի համար. Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի կարծում, որ միայն Մանվել Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար: ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի տանն անցկացված` ԱԱԾ ստուգումներին, նա ասաց. «Ամենախիստ կերպով դատապարտում ենք այս երևույթը, օրենքի ամբողջ խստությամբ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ-ում մենք ունեցել ենք ոստիկանություն, ԱԱԾ, ՊՆ, մարմիններ, որոնք համակարգել են օգնություն ստանալը, այն ուղղորդելը և բաշխելը։ Ես չեմ կարծում, որ միայն պարոն Գրիգորյանը պետք է պատասխան տա տեղի ունեցածի համար։ Շտապօգնության մեքենան ասեղ չէ, որ տանես, մի տեղ պահես: Իմացող թաքցնողները նույնպես պետք է պատասախանատվության ենթարկվեն»։

Մարուքյանի կարծիքով` թեև Գրիգորյանը ՀՀԿ անդամ չէ, բայց խմբակցության անդամ է, հետևաբար` խմբակցությունը պետք է քաղաքական դիրքորոշում հայտնի և աջակցի իրավապահ մարմիններին, որպեսզի օրենքով սահմանված կարգով արդարադատություն իրականացվի։

«Կառավարությունը կարող է նիստ գումարել և վաղը գումարվելիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգի որոշման մեջ լրացում կատարել ու ավելացնել ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Վաղը պարոն Գրիգորյանի ձերբակալման 72 ժամն է լրանում»,- ասաց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն էլ ընդգծեց, որ ապագայում կլինեն այլ բացահայտումներ: «Ցավոք, սա առաջին ու վերջին դեպքը չէ։ Կարծում եմ, որ մոտ ապագայում մենք էլի նմանատիպ դեպքերի բացահայտման ականատես կլինենք»,- ասաց նա։