Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեք շաբաթ առաջ, երբ առաջին անգամ գրեցի Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի քարոզարշավի՝ Թուրքիայի հետ ունեցած կապերի վերաբերյալ FBI-ի հետաքննության մասին, ես չէի պատկերացնում, որ դա կլինի Պանդորայի արկղի բացումը:
Անցյալ շաբաթ Ադամսը ստեղծեց պաշտպանության հիմնադրամ՝ գումար հավաքելու համար, որպեսզի վճարի իր 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ընդլայնվող դաշնային հետաքննության իրավական ծախսերի համար: Օրենքը թույլ է տալիս Ադամսին յուրաքանչյուր անձից ստանալ մինչև 5000 դոլար նվիրատվություն: Այնուամենայնիվ, նա պետք է բացահայտի բոլոր նվիրատուների անուններն ու հասցեները:
Ըստ New York Post-ի՝ «Դաշնային իշխանությունները հետաքննում են, թե արդյոք Թուրքիայի կառավարությունը կամ Թուրքիայի քաղաքացիներն անօրինական կերպով նվիրատվություններ կատարել են Ադամսի քարոզարշավին՝ օգտագործելով «կեղծ նվիրատուների» մի սխեմա, որտեղ պաշտոնական գրառումներում թվարկված նվիրատուները ֆինանսավորման իրական աղբյուրը չեն, և արդյոք Ադամսը կատարել է ծառայություն ծառայության դիմաց»:
Բազմաթիվ աղբյուրներ հայտնել են New York Post-ին՝ «Ադամսի վարչակազմի աշխատակիցը, որը, ինչպես ենթադրվում է «ոչ պատշաճ կերպով է վարվել» իր քարոզարշավի դրամահավաքի վերաբերյալ դաշնային կոռուպցիոն հետաքննության ընթացքում, աշխատել է քաղաքի Միջազգային հարաբերությունների գրասենյակում, նախքան անակնկալ ժամանակավոր հեռացումը»: Տեղեկությունը հաստատել են քաղաքապետարանից։
Այդ անձնավորությունը Ռանա Աբասովան է, որը քաղաքապետի արարողակարգի տնօրենն էր: Ծագումով ադրբեջանցի պաշտոնյան կատարել է քաղաքապետի միջոցառումների նախնական պլանավորումն ու տեխնիկական ապահովումը և ճանապարհորդել նրա հետ: Նրա տարեկան աշխատավարձը կազմում է 80651 դոլար։ New York Post-ին հայտնել են, որ նա ստել է դաշնային քննիչներին:
Աբասովան նախկինում աշխատել է որպես համայնքի համակարգող և Ադամսի խորհրդական, երբ վերջինս Բրուքլինի շրջանի ղեկավարն էր: Նրա կենսագրականում ասվում է. «Նա պատասխանատու էր միջազգային հարաբերությունների և շրջանի ղեկավարի ու շահագրգիռ կողմերի միջև հարաբերությունների պահպանման համար, ներառյալ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների, մահմեդական և ռուսալեզու համայնքների և ոչ առևտրային կազմակերպությունների: Նա նաև աշխատել է դեսպանատների և հյուպատոսությունների հետ՝ երկրների և Բրուքլինի շրջանի ղեկավարի գրասենյակի միջև հարաբերություններ հաստատելու համար՝ օգնելու հաղթահարել լեզվական խոչընդոտները և մշակութային տարբերությունները: Նա նաև կազմակերպել է «Թյուրքական ժառանգության» միջոցառումները և աջակցել քույր քաղաքների համաձայնագրերին: Աբասովան նաև Ադամսի One Brooklyn Fund ընկերության վարչական օգնականն էր, երբ նա դեռ շրջանի ղեկավար էր»:
The City լրատվական կայքը հայտնել է, որ 2017 թվականի ապրիլին Աբասովան հանդիպում է կազմակերպել շրջանի ղեկավար Ադամսի և «Թյուրքեն» հիմնադրամի միջև, որը հիմնադրվել է նախագահ Էրդողանի որդու՝ Բիլալի կողմից: «Թյուրքենի» խորհրդի անդամներից երեքն ընդհանուր առմամբ 6000 դոլար են ներդրել քաղաքապետի քարոզարշավին: Նրա ժամանակացույցը ցույց է տալիս, որ նա մասնակցել է «Թյուրքենի» չորս միջոցառումներին։ «Թյուրքենը» Արդարադատության նախարարությունում գրանցված է որպես օտարերկրյա գործակալ։
Աբասովան Ադամսի համար կազմակերպել է առնվազն երեք «հանդիպումներ և միջոցառումներ՝ կապված Թուրքիայի հետ, երբ նա շրջանի ղեկավար էր՝ ըստ նրա ժամանակացույցի զննման: Դրանց թվում էր 2015 թվականին Բրուքլինում թուրքական ռեստորանի բացման հանդիսավոր արարողությունը, որը նա նշել էր որպես «կարևոր»:
POLITICO-ն հաղորդում է, որ որպես Բրուքլին շրջանի ղեկավար՝ Ադամսը «ութ տարվա ընթացքում մասնակցել է մոտ 80 միջոցառման՝ նվիրված Թուրքիային, այդ թվում՝ 2015 թվականին դրոշի բարձրացմանը, 2018 թվականին բարեգործական պարահանդեսին և 2020 թվականին Թուրքիայի հյուպատոսի հետ Zoom հանդիպմանը»։
Ադամսի հազարավոր հրապարակային ժամանակացույցերը և սոցիալական ցանցերում բազմաթիվ գրառումներն ուսումնասիրելուց հետո POLITICO-ն բացահայտել է նրա «անսովոր սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչն արժանացել է դաշնային քննիչների ուշադրությանը»: 2019-ին, երբ Ադամսը «սկսում էր պայքարը Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար, նա միացել է Մարթա Ստյուարտին՝ «Թուրքական ավիաուղիների» (Turkish Airlines) գալա տոնակատարության ժամանակ, մի ընկերություն, որն այժմ ներգրավված է Ադամսի նախընտրական քարոզարշավի ֆինանսների վերաբերյալ FBI-ի ընթացիկ հետաքննության մեջ: Միջոցառման ժամանակ Ադամսը լուսանկարվել է ընկերության երկու պաշտոնյաների հետ ձեռքները բռնած տորթի վրա. քաղաքապետի մրցավազքում հաղթելուց հետո նա այդ պաշտոնյաներից մեկին՝ Չենկ Օջալին, նշանակեց իր անցումային թիմում»: CNN-ը հայտնել է, որ նոյեմբերի 2-ին «Թուրքական ավիաուղիների» ղեկավարի տունը եղել է այն վայրերի շարքում, որոնք խուզարկվել են FBI-ի կողմից:
POLITICO-ի վերլուծությունը Ադամսի Բրուքլինի շրջանի ժամանակացույցի վերաբերյալ ցույց է տվել երեք հիշատակում թուրքական ավիաընկերությունների մասին․ ավիափոխադրողի համար նախատեսված երկու բանկետներ 2019 և 2020 թվականներին, և 2015 թվականի հոկտեմբերի 2-ի թաքուն գրառումը, որտեղ պարզապես գրված էր. «Հանդիպումը փոխել 16։00-ին, թուրքական ավիաընկերություն. Ռանա [Աբասովա], իմ նվերները»։
Ադամսը ճնշում է գործադրել այն ժամանակ Նյու Յորքի հրդեհային ծառայության հանձնակատար Դանիել Նիգրոյի վրա, որպեսզի նա, չնայած անվտանգության մտահոգություններին, թույլատրի բարձրահարկ շենքի բացումը, որտեղ գտնվում էր թուրքական հյուպատոսությունը՝ հենց նախագահ Էրդողանի ժամանման առիթով: Նիգրոն ստացել է դատարանի ծանուցագիրը և խոսել FBI-ի գործակալների հետ:
Անցյալ տարի քաղաքապետ դառնալուց հետո Ադամսը վիրտուալ ելույթ է ունեցել Ստամբուլում անշարժ գույքի համաժողովում, որին մասնակցել են քաղաքի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ: Սակայն քաղաքապետի մասնակցությունը դուրս էր մնացել իր ամենօրյա հանրային ժամանակացույցից և չէր զեկուցվել։
Բացի այն տնից, որտեղ քաղաքապետի քարոզարշավի համար դրամահավաք էր կազմակերպվել, FBI-ը խուզարկություններ կամ հարցազրույցներ է անցկացրել տասնյակ վայրերում՝ որպես թուրքական աղբյուրներից քարոզարշավի նվիրատվությունների հետաքննության մաս, հաղորդում է CNN-ը:
2022 թվականին «Ադամսը երկու ուղևորություն է կատարել Թուրքիա. մեկը օգոստոսին, որը ֆինանսավորվել է բազմաթիվ կազմակերպությունների, այդ թվում՝ Թուրքիայի հյուպատոսության կողմից՝ համաձայն POLITICO-ի ձեռք բերած ֆինանսական բացահայտման: Տեղական THE CITY լրատվականը վերջերս հայտնել է, որ «Թուրքական ավիաուղիները» նույնպես մասնակցություն է ունեցել այդ ուղևորությանը, սակայն դա բաց է թողնվել պահանջվող տարեկան բացահայտման մեջ: Չորս ամիս անց, ըստ ֆինանսական բացահայտման, մի կազմակերպություն, որը կոչվում է Զբոսաշրջության երիտասարդ առաջնորդների ասոցիացիա, ֆինանսավորել է Ադամսի ևս մեկ ուղևորություն դեպի Թուրքիա: Այս ճամփորդությունները քաղաքապետի կողմից արված կես տասնյակ ուղևորությունների մի մասն էին, որն ըստ քաղաքապետի, ինքը կատարել է դեպի այդ երկիր, ներառյալ 2017 թ․ այցելությունն իր որդու՝ Ջորդանի հետ», ըստ POLITICO-ի:
Ըստ թուրքական «Սաբահ» թերթի՝ Բրուքլինի շրջանի ղեկավարի պաշտոնում Թուրքիա այցելելիս Ադամսն ասել է, որ հետաքրքրված է Ստամբուլում տուն գնելու հարցում։ Ադամսը նաև ասել է, որ այնքան գոհ է «Թուրքական ավիաուղիներից», որ այդ ավիաընկերությամբ նա թռչում է ոչ միայն Թուրքիա, այլև աշխարհի այլ մասեր, օրինակ՝ Հնդկաստան։
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի