Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի համար անցանկալի անձ հռչակված սփյուռքահայ 8 դաշնակցականներից 4-ի գործը դատարանում, եւ ընթանում է դատաքննություն՝ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով նաեւ այս դաշնակցականների ներկայացուցիչն է դատարանում։
«Այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 8 անձ՝ ազգությամբ հայ եւ հատկապես ՀՅԴ-ն ներկայացնող անձինք, որոնց մուտքն արգելվել է Հայաստան։ Իհարկե, թիվն անհամեմատ ավելի մեծ է լինելու, մենք անընդհատ բախվելու ենք նման իրավիճակների։ 8 անձից 4-ի մասով կա դատաքննության ընթացք, 2-ի մասով հարցում ենք ուղարկել ԱԱԾ-ին, որպեսզի հետագա ընթացք հաղորդենք, մյուս 2-ի մասով սպասում ենք լիազորությունների տրմանը, որպեսզի իրականացնենք այդ գործողությունները։ Առաջինը Մուրադ Փափազյանն էր։ Փափազյանի մուտքի արգելքը ոչ միայն զավեշտալի էր այն պատճառով, որ նրան վերագրվող արարքը բացարձակապես կապ չունի նրա հետ, այլ նաեւ այն, որ այդ ենթադրյալ արարքը, որն իբր կատարվել է, դրանից հետո բազմիցս Մուրադ Փափազյանը եկել է Հայաստան, գնացել է, եւ ընդամենը 1 տարի հետո արգելում են Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան՝ առանց մատնանշելու կոնկրետ, թե ինչ արարքի համար, կամ՝ Փափազյանին վերագրվող ինչ տեղեկատվություն կա, որը ստուգել եւ հաստատել են, որ այդպես է։ Մենք Մուրադ Փափազյանի մասով մի հետաքրքիր գործընթաց անցանք նաեւ, որը, կարծում եմ, շատ կարեւոր է․ ուրեմն անձնական տվյալների պաշտպանության միջազգային կոնվենցիա ունենք՝ տվյալների ավտոմատ հավաքագրման եւ պաշտպանության վերաբերյալ։ Այնտեղ ամրագրված է, որ Հայաստանը պետք է ունենա անկախ գործակալություն, որը պետք է վարչական կարգով իրականացնի անձնական տվյալների պաշտպանությունը։ Այդպիսի գործակալություն է արդարադատության նախարարությունում գործող անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Մենք Մուրադ Փափազյանի հարցով ԱԱԾ-ին հարցում ուղարկելուց եւ մերժում ստանալուց հետո դիմեցինք այս գործակալություն։ Գործակալությունը, ի պատիվ իրենց, քննելով ողջ ծավալը, եկավ համոզման, որ ոչ միայն խախտում է տեղի ունեցել վարչապետի աշխատակազմի կողմից, որովհետեւ Մուրադ Փափազյանի վերաբերյալ առաջին հրապարակումը կատարեց «Արմենպրես» լրատվականի միջոցով վարչապետի աշխատակազմը՝ ներկայացնելով, թե ինչի համար է արգելվել մուտքը։ Հարցն այն է, որ, ՀՀ օրենսդրությամբ, վարչապետի աշխատակազմն իրավունք չուներ այդ տեղեկատվությանը տիրապետելու, եւ երբ մենք հարցում կատարեցինք ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն պատասխանեց, որ այդ տեղեկատվությունը կա, բայց մենք չենք կարող ձեզ տրամադրել, չենք կարող բացահայտել որեւէ աղբյուր, չենք կարող ասել, թե ինչի համար է Փափազյանը համարվել պերսոնա նոն գրատա։ Երբ մենք դիմեցինք գործակալությանը, վերջինս եկավ եզրակացության, որ վարչապետի աշխատակազմը թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում եւ պարտավոր է դա վերացնել՝ հեռացնելով այդ տվյալներն իր մոտից, եթե դրանք կան, բացի այդ՝ «Արմեպրես» լրատվականը պարտավոր է հեռացնել հրապարակումը։ ԱԱԾ-ն խախտել է օրենքը եւ պարտավոր էր տրամադրել տեղեկատվություն Մուրադ Փափազյանի ներկայացուցիչներին՝ ինձ, Սիրանուշ Սահակյանին եւ Ռուբեն Մելիքյանին, ինչը չի կատարել։
Զարմանալիորեն, ԱԱԾ-ն դատական հայց ներկայացրեց նաեւ գործակալության դեմ։ Հիմա մենք զուգահեռաբար 2 դատական պրոցեսի մեջ ենք․ մի կողմից՝ ԱԱԾ-ն՝ ընդդեմ գործակալության, որպես 3-րդ անձ ենք ներգրավված, մեկ այլ դրվագով մենք ենք հայցվոր կողմը՝ պահանջելով ճանաչել ԱԱԾ-ի գործողությունները ոչ իրավաչափ, հետեւաբար` իրավահարաբերության բացակայություն՝ անձի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրելու եւ դրա հիման վրա արգելք սահմանելու մասին։ Նաեւ՝ ԱԱԾ-ին պարտադրել գործողություն, որպեսզի վերացնի այդ խախտումը։ Երկու գործով էլ դեռեւս նախնական դատական նիստերի փուլում ենք, լիազորությունների ճշտում է տեղի ունեցել։ ԱԱԾ-ի կողմից եղել է պատասխան ներկայացնելու խնդրագիր` եւս 2 շաբաթ ժամանակ, որպեսզի պատասխանն ավելի լիարժեք տան։ Եղել է նաեւ մեր կողմից միջնորդություն, որ Մուրադ Փափազյանին հնարավորություն տրվի՝ ներկա գտնվելու դատական նիստին, կամ այլընտրանք` հնարավորություն տրվի տեսակապի միջոցով նա մասնակցի նիստին։ Դատարանը բավարարեց երկրորդը՝ ասելով, որ ֆիզիկական ներկայությունը բավարարել չեն կարող, քանի որ այդ վեճով է պայմանավորված այս դատաքննությունը»,- ասաց Մինասյանը։
Ինչ վերաբերում է մյուս դաշնակցականների գործերին․
«Մասիս Աբրահամյանի մասով դատական երկու նիստ է տեղի ունեցել, նախնական դատական նիստեր են եղել։ Նժդեհ Քարաքավորյանի մասով դատարանը երկու անգամ հետ է վերադարձրել մեր դիմումը՝ անհասկանալի բացատրություններով․ հավանաբար, սա նոր ռազմավարություն է, որն իշխանությունը որդեգրել է՝ ուղղակի փորձում են դիմումը վարույթ չընդունել։ Մենք մեր բողոքն ենք տարել։ Ասլան Ասլանյանի մասով հարցում ենք ուղարկել՝ պահանջելով, որ ԱԱԾ-ն վարչական վարույթ հարուցի եւ վերացնի Ասլանի նկատմամբ տեղեկատվությունը, որովհետեւ նրան չէին կարող վերագրվել այնպիսի տեղեկություններ եւ գործողություններ, որոնք հիմք կհանդիսանային անձին անցանկալի անձ ճանաչելու մասով: Դեռեւս ինֆորմացիա չունենք։ Սյունե Աբրահամյանի մասով նույնպես նախնական դատական նիստ է նշանակվել, լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել մյուս կողմից, որոնք դեռ չեն ներկայացրել»,- պատասխանեց Մինասյանը։
«Հրապարակ» – ի հարցին, թե ԱԱԾ-ն ինչպես է պատկերացնում այլ դաշնակցականների մուտքը Հայաստան, այսինքն՝ պետք է նախապես դիմեն ԱԱԾ, հետո նոր գա՞ն՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Հիմա մենք պրակտիկայում անում ենք հետեւյալը․ եթե հատկապես Հայ դատի գրասենյակում ներգրավված անձինք ցանկանում են Հայաստան գալ, հնարավորության դեպքում ինձ կամ մեր գործընկերներին լիազորագիր են տալիս, մենք հարցում ենք ուղարկում ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն պատասխանում է, եւ մենք տեղեկացնում ենք մեր ընկերներին՝ կարո՞ղ են գալ, թե՞ չէ։ Այս հարցը շատ լուրջ հարց է։ Այս հարցը նույն Մուրադի եւ Մասիսի դեպքերով մենք բարձրացրել ենք ՄԻՊ գրասենյակի առջեւ նույնպես։ Նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանն արձանագրեց, որ իսկապես սա շատ լուրջ խախտում է եւ խնդրահարույց է։ Մենք պայմանավորվել էինք, որ պետք է քննարկում իրականացվի, նաեւ՝ շահագրգիռ կառույցների մասնակցությամբ, որպեսզի ի վերջո մի մեխանիզմ լինի, որ անձինք մինչեւ օդանավակայան կամ սահմանային այլ կետ հասնելը նախապես տեղեկանան։ Դեռեւս, ցավոք սրտի, այդ մեխանիզմը չկա, եւ քննարկում էլ չկա։ Նոր պաշտպանն այս մասով դեռեւս ձայն չի հանում, թեեւ վերջին մի քանի դեպքերում իրեն անմիջապես ահազանգ եղել է»: