Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շիրակի թեմի երիտասարդական կազմակերպությունը և սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդական ուղղությունը, թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ ու աջակցությամբ, օգոստոսի 27-28-ը իրականացրեցին Հայ Եկեղեցու Համաշխարհային երիտասարդական կազմակերպության փորձնական ծրագրերից մեկը` «Միշտ միասին, այցելություն Ջավախք»: Նրանք Գյումրու Ս. Աստվածածին /Ս. Յոթվերք/ եկեղեցում մասնակցեցին առավոտյան ժամերգության, այնուհետև ստանալով տեր Նշան քահանա Պանֆյորովի օրհնությունը` մեկնեցին Ջավախք:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Ջավախքի տարբեր շրջաններից ժամանած եկեղեցասեր երիտասարդների հետ ծանոթանալուց, տեղի հոգևոր հովիվ տեր Տաթև քահանա Մարուքյանի օրհնությունն ստանալուց և միասնաբար աղոթելուց հետո երիտասարդները ուղևորվեցին Ջավախքի առաջնորդարան: Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբկեն աբեղա Սալբիյանը ողջունեց և կարևորեց նախաձեռնությունը, իր հայրական օրհնությունն ու մաղթանքն ուղղեց հյուրերին: Այնուհետև երիտասարդները միասին ուղևորվեցին Խրտվիզի ավերված բերդը, ապա պատմական Վարձիա, ծանոթացան «քարանձավ-քաղաքին»: Երեկոյան միասնական աղոթքից հետո գնացին Դիլիսկա գյուղ, որտեղ կազմակերպվեց տոնախմբություն:
Օգոստոսի 28-ի առավոտյան երիտասարդները գյուղի միջով կազմակերպեցին խաչերթ և այցելեցին Դիլիսկա գյուղի Ս. Սարգիս եկեղեցի, մասնակցեցին առավոտյան ժամերգությանը: Այնուհետև մեկնեցին Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցի, որտեղ մասնակցեցին Սուրբ և անմահ պատարագի: Նրանք այցելեցին նաև Փարվանա լիճ, բացօթյա հանդիպում-քննարկում անցկացրեցին Ջավախքի տարբեր շրջանների երիտասարդների հետ: Շիրակի թեմի երիտասարդական միությունների անդամները ներկայացրեցին իրենց թեմում եկեղեցահաճո գործունեությունը, տարբեր եկեղեցասեր երիտասարդական միությունների կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները, Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի գործունեությունը: Քննարկվեց Ջավախքում եկեղեցասեր երիտասարդական կազմակերպություն հիմնելու խնդիրներն ու հնարավորությունները, մշակվեցին ու առաջարկվեցին առաջիկա համատեղ ծրագրերի գաղափարներ:
Հետո այցելություն եղավ Գանձա` Վ.Տերյանի տուն-թանգարան: Գանձայի եկեղեցում միասնական աղոթքից հետո երիտասարդները մեկնեցին Նինոծմինդայի եկեղեցի, մասնակցեցին երեկոյան ժամերգության և հրաժեշտ տվեցին տեղի երիտասարդներին` նվիրելով նրանց գեղարվեստական և հոգևոր գրքեր, ինչպես նաև հուշանվերներ:
Ձեռք բերվեց պայմանավորվածություն հաջորդ անգամ Շիրակի թեմում հյուրընկալել Ջավախքի եկեղեցասեր երիտասարդներին:
Շիրակցի երիտասարդների այցելության մասին shirakcentre.org-ի տեսանյութը` առանց մեկնաբանության: